Հնդկական 155 մմ-նոց հաուբից՝ Ռուսական 152 մմ-ի փոխարեն․ Հայաստանը մեծացնում է տրամաչափը
Հնդկական ռազմական մասնագիտացված կայքերից մեկը հայտնում է, որ Հայաստանը Հնդկաստանից MArG ինքնագնաց հաուբիցներ է պատվիրել։ Ի տարբերություն ռուսականի, այս հաուբիցները 152-ի փոխարեն 155 մմ տրամաչափի են։ Տրամաչափի այս փոփոխությունը տարբեր կերպ են մեկնաբանում ռազմական փորձագետները։ Նրանք նկատում են, որ Հնդկաստան-Պարսից ծոց-Սև ծով ուղիով Արևմուտք հասնելու Հնդկաստանի տնտեսական ու քաղաքական ծրագրերում Իրանին ու Հայաստանին կարևորագույն դեր է վերապահված։ Այս առումով ոմանք կարծում են, որ հայ-հնդկական ռազմական համագործակցությունը պաշտպանության ոլորտում երկարատև հեռանկար ունի։ Հայաստանի ու Հնդկաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների մակարդակով էլ ավելի վաղ արդեն իսկ հայտարարվել է, որ կողմերը պաշտպանության ոլորտում հակված են երկարաժամկետ համագործակցության։ Ըստ փորձագետների՝ այդ առումով Հնդկաստանը կարևորում է Հայաստանի անվտանգությունն ու ռազմական կարողությունների ավելացումը։
Հայաստանը հնդկական ընկերություններից մեկից MArG ինքնագնաց հաուբիցներ է պատվիրել։ Ըստ Indian Defence Research Wing ( Ինդիան Դիֆենս Ռիսերչ Ուինգ) մասնագիտացված կայքի՝ անցած տարի Հնդկաստան մեկնած հայկական պատվիրակությունն արդեն փորձարկել է հաուբիցները։ Այս մասին, սակայն, հայաստանյան պաշտոնական աղբյուրները ոչինչ չեն հաղորդում։
Հնդկական լրատվամիջոցը գրում է․«Ինքնագնացի վրա տեղադրված MArG 155/39 հաուբիցը մոտ 40 օրվա ընթացքում կրկին փորձարկվել է Հայաստանի պաշտոնյաների ներկայությամբ, և գործարքը կնքվել է պաշտպանական ցուցահանդեսին այն բանից հետո, երբ այն համապատասխանել է հայկական բանակի կողմից սահմանված կրակային բոլոր չափանիշներին»։
Հայտնի է, որ հայկական զինանոցում այժմ ներառված են ռուսական 152 մմ տրամագիծ ունեցող հաուբիցները, իսկ հնդկական MarG–ն 155 մմ տրամաչափի է։
Ի՞նչ է ենթադրում սա։
«Այնպես չէ, որ միայն տրամաչափը բոլոր հարցերին պատասխանում է։ Տրամաչափից բացի կան նաև արկերի շատ այլ կարևոր պարամետրեր, և միշտ չէ, որ եթե տրամաչափը համընկնում է, ուրեմն կարելի է համատեղելի նույն արկերը օգտագործել»։
Տրամաչափի համընկնումը դեռ երաշխիք չէ, որ կարող են օգտագործվել նոր հաուբիցների հետ»,– ասում է ռազմական փորձագետ Լևոն Հովհաննիսյանը։ Նրա գնահատմամբ՝ տրամաչափ փոխելու հանգամանքը միանշանակ չի եղել երբեք, տարբեր ժամանակներում դա կատարվել է տարբեր մոտեցումներից ելնելով․
«Սովետական Միությունում, Արևմուտքում որոշ դեպքերում փորձել են ընդհանրացնել և միասնականացնել տրամաչափերի օգտագործումը հայտնի պատճառներով՝ լոգիստիկ դժվարություններից խուսափելու, տարբեր մոդելների միջև համատեղելիության և այլնի համար։ Այս պահին մեր կոնտեքստում, բնականաբար, միգուցե ավելի, այսպես ասեմ, հաճելի կլիներ ունենալ նոր հաուբիցները նույն տրամաչափի, բայց ամենևեին էլ չեմ կարծում, որ դա խնդիրներ առաջացնի։ Ամեն դեպքում՝ 155 մմ նոր հաուբիցներ ունենալն իր հետ բերում է նաև դրա համար նախատեսված արկերը»։
Ինչ վերաբերում է կադրերի խնդրին, ապա ցանկացած նոր սարք ձեռք բերելու դեպքում, միևնույնն է, պետք է կադրերը վերապատրաստվեն։
Ռազմական փորձագետները նկատում են, որ այս պահին արդեն մի քանի ուղղություններով Հնդկաստանը փաստացի Հայաստանի ոչ միայն հիմնական, այլև միակ մատակարարն է։
Լևոն Հովհաննիսյանը դժվարանում է ասել՝ արդյո՞ք այս հանգամանքը քաղաքական ենթատեքստ նույնպես ունի։ Այդուհանդերձ, կարծում է, որ Հայաստան-Հնդկաստան ակտիվացած հարաբերություններին, այդ թվում՝ ռազմական ոլորտում, տարբեր տեսանկյուններից կարելի է նայել։ Նա շեշտում է, որ այս պահին սա ավելի շատ մեր միակ տարբերակն է։
Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի խոսքով դրա պատճառն Ուկրաինայում պատերազմն ու Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներն են․
«Այս պահին այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Հնդկաստանի միջև, բավականին խոստումնալից է, բավականին դրական է։ Կարևոր մի բան է պետք հասկանալ՝ Հայաստանի Հանրապետությանը թիվ մեկ սպառազինություն մատակարարող ՌԴ-ը , այս պահին համաշխարհային շուկայից ռազմարդյունաբերույուն արտահանող երկրների ցանկից դուրս է մնացել»։
Ուստի, ըստ փորձագետի, Հայաստանը պարտավոր է այլընտրանքներ գտնել։ Վան Համբարձումյանի կարծիքով Հնդկաստանն այդ առումով մի քանի տեսանկյունից ամենահարմարն է, քանի որ այն քիչ պետություններից մեկն է, որոնք խնդիրներ չունեն այդ հարցում և նաև շահագրգիռ են Հայաստանի ռազմական կարողությունների ավելացմամբ․
«Քեզ ով սպառազինություն մատակարարի՝ հարաբերություններ կարող է փչացնել Ադրբեջանի, Թուրքիայի հետ, մի խոսքով՝ շատ բարդ խնդիրներ կան։ Հնդկաստանը այդ ամեն ինչը տեսնելով, շատ կողմ է ՀՀ-ին սպառազինություն վաճառելուն։ Շատ խոստումնալից է՝ երկու երկրների համար էլ»։
Հայ-հնդկական այս գործարքի համառոտ նախապատմությունը ներկայացնենք։Անցած տարի հնդկական զենքի DEFEXPO ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարներն էին հանդիպել։ Մինչ այդ հնդկական կողմը, փաստացի, պաշտոնապես հաստատեց, որ Հայաստանը համազարկային կրակի Pinaka կոչվող ռեակտիվ համակարգերի երեք մոդել է պատվիրել, որոնք Դելիից Երևան պետք է հասնեին երկու տարում։ Հնդկական մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում էր, որ ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ընդարձակվել՝ նոր սպառազինությունների ձեռքբերման հաշվին։ Այս տարեսկզբին արդեն մամուլում տեղեկություններ հայտվեցին, որ հայկական կողմը դիտարկում է հնդկական արտադրության հակաօդային պաշտպանության МR-SAM միջին հեռահարության համակարգեր ձեռք բերելու հնարավորությունը։ Ըստ այդմ՝ դրանցով պետք է փոխարինվեն հայկական բանակի զինանոցի ռուսական արտադրության С-125 Печора ՀՕՊ համակարգերը։ Այս տեղեկությունները հայկական կողմը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում։
Հայ փորձագետները նկատում են, որ Հնդկաստան-Պարսից ծոց-Սև ծով ուղիով Արևմուտք հասնելու Հնդկաստանի տնտեսական ու քաղաքական ծրագրերում Իրանին ու Հայաստանին կարևորագույն դեր է վերապահված։ Այդ առումով Հնդկաստանը կարևորում է Հայաստանի անվտանգությունը ռազմական կարողությունների ավելացմամբ։
Հնդկական «Յուսանաս հիմնադրամ» ուղեղային կենտրոնի գիտաշխատող Արարատ Կոստանյանը նկատում է.
«Դա նույնպես հուզում է Հնդկաստանին, որովհետև կա ահաբեկչության խնդիրը, մեծացող վտանգ՝ Պակիստանի սատարումը բացահայտորեն Թուրքիային և Ադրբեջանին։ Սա Հնդկաստանի համար արտաքին քաղաքականության, այս տարածաշրջանում իր ունեցած ազդեցության կարևոր բաղադրիչներից է։ Մանավանդ, որ Հնդկաստանն իր ծրագիրն առաջարկեց՝ տնտեսական տարածաշրջան մտնելու։ Այնպես որ՝ Հնկաստանը այս տարածաշրջանում Հայաստանը համարում է իր վստահելի բարեկամ-գործընկերը»։
Հայ-հնդկական արդի հարաբերություններն ակտիվացան հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Երկու երկրների օրակարգում նկատելիորեն ընդգրկվեց նաև ռազմական համագործակցության հարցը։ Հայաստանի ու Հնդկաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների մակարդակով արդեն իսկ հայտարարվել է, որ պաշտպանության ոլորտում կողմերը հակված են երկարաժամկետ համագործակցության։