Այսօր Տնտեսի կիրակին է
Տիրոջ ունեցվածքն է տալիս աղքատին, դարձյալ անիրավությամբ է դա անում, սակայն քանի որ աղքատին է տալիս, գովության է արժանանում: Սրա համար Տերը գովեց անիրավ տնտեսին, որ կորստյան մատնված արծաթով աղքատներից իրեն բարեկամներ շահեց, նրանց միջոցով էլ՝ Քրիստոսին:
Սակայն անիրավ մամոնա ասելով պետք չէ հասկանալ միայն այն գումարը, որ գողացվել, կամ խարդախ ճանապարհներով է ձեռք բերվել: Մամոնան անիրավ է համարվում Ավետարանում նաև այն պատճառով, որ շատ անգամ մեղքերի պատճառ է դառնում, այսինքն՝ որևէ մեկը կարող է արդար քրտինքով հարստություն դիզել և կուտակել, բայց հնարավորությունը շատ մեծ է գայթակղվելու, մեղքի մեջ ընկնելու դրամի պատճառով: Այս կիրակին հորդորում է հեռու մնալ ագահությունից: Առակի ավարտին էլ Քրիստոս ասում է. «Ով հավատարիմ է փոքր ծառայության մեջ, մեծի մեջ էլ հավատարիմ է, իսկ ով փոքր ծառայության մեջ անհավատարիմ է, մեծի մեջ էլ անհավատարիմ է» (Ղուկաս 16:10):
Ըստ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի մեկնության՝ տանուտերն Աստվածն է, իսկ տնտեսը՝ մարդը: Մեր կյանքը մերը չէ, Աստծունն է, Նա է այն մեզ պարգևել մեր: Տնտեսը չունի իր սեփականությունը, այլ ամեն ինչ տիրոջ կողմից է նրան վստահվել: Տնտեսի նման՝ մարդն էլ ոչինչ չունի և ամեն ինչ Աստծուց է ստացել: Ուստի անհրաժեշտ է, որ լավագույնս տնօրինենք մեր կյանքը՝ գիտակցելով, որ մի օր հաշիվ պիտի տանք Աստծուն: Օգտվելով Աստծո տված շնորհներից՝ միևնույն ժամանակ պարտավոր ենք դրանից բաժին հանել մյուսներին: Ամեն ոք, ով Աստծուց շնորհ է ստանում, այդ շնորհի տնտեսն է և պարտավոր է տնտեսին վայել գործել, հակառակ դեպքում կզրկվի ունեցվածքից: Անիրավ տնտեսը խորհրդանշում է այն բոլոր մեղավորներին, ովքեր ներում են իրենց պարտապանների պարտքերը և աղքատներին առատապես բաշխում իրենց հարստությունն ու ունեցվածքը:
Մեր եկեղեցու հայրերը Տիրոջ նկատմամբ հավատքի դրսևորում են համարում բարեգործություն անելն ու կարիքավորներին օգնելը:
«Տնտեսի առակը» ներկայացնում է հոգևոր արթնության խորհուրդը. ամենայն ժամ պատրաստ լինել Տիրոջ անսպասելի այցին, չհետաձգել բարի գործերը և կամովի չհակվել դեպի մեղքը՝ հուսալով, թե կարելի է հետագայում ապաշխարել, քանի որ պատասխանատվության պահը կարող է գալ ամեն ակնթարթ: Այսպիսի գիտակցություն ունեցողին Տերն անվանում է «հավատարիմ և իմաստուն տնտես» (Ղուկաս 12:42):
Այս կիրակին հուշում է պահքին միավորել ողորմածությունն ու աղքատասիրությունը՝ որպես հոգևոր տնտեսության կարևորագույն մասեր, քանի որ «անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել», մինչդեռ «ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակոբոս 2:13):