ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան 80-րդ հոբելյանական տարին է տոնում։ ԳԱԱ-ն 1943 թվականին հիմնադրված Հայաստանի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդն է դարձել 1993 թվականից։

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան հանրապետության բարձրագույն գիտական հաստատությունն է, որը ձևավորվել է հայ ժողովրդի բազմադարյան պատմական, բեղմնավոր գիտական, հարուստ մշակութային ու կրթական ավանդույթների վրա և կոչված է համախմբել գիտնականներին` գիտության տարբեր բնագավառներում իրականացնելու հիմնարար հետազոտություններ, երևան հանելու և վերաիմաստավորելու ազգի հոգևոր ժառանգությունը, ապահովելու ազգային անվտանգություն`սոցիալական և տնտեսական հիմնախնդիրների լուծման համար:

1935թ. Երևանում բացվում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը, որի նախագահն է դառնում ակադեմիկոս Ֆրանց Լևինսոն-Լեսսինգը: 1938թ. մասնաճյուղը գլխավորում է ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Այդ տարիներին սկսում են զարգանալ ֆիզիկամաթեմատիկական, բնական, տեխնիկական, հումանիտար և հասարակական գիտությունները, Հայաստանը դառնում է հայագիտության խոշորագույն կենտրոն: Հենց այս հենքի վրա էլ 1943 թ․-ին հիմնվում է Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի առաջին նախագահ է ընտրվում Հովսեփ Օրբելին։

Օրբելին նախագահել է մինչև 1947 թվականը, որից հետո գիտությունների ակադեմիայի նախագահ է դարձել Վիկտոր Համբարձումյանը, ղեկավարելով այն մինչև 1993 թվականը։

Խորհրդային իշխանության տարիներին ակադեմիայում կատարվել են համաշխարհային հնչեղության հայտնագործություններ աստղաֆիզիկայի, հաշվողական տեխնիկայի, կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, հայագիտության և գիտական այլ բնագավառներում:

1992 թ. Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից հետո ՀՍՍՀ գիտությունների ակադեմիան վերանվանվում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա: 1993 թ. ակադեմիայի նախագահ է ընտրվում ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը, որի ղեկավարման տարիներին ընդունվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը, ԳԱԱ-ն ստանում է ՀՀ կառավարության խորհրդատուի հատուկ կարգավիճակ:

2006թ. ՀՀ ԳԱԱ նախագահ է ընտրվում ռադիոֆիզիկոս ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը;

2021թ.-ից ՀՀ ԳԱ Ակադեմիան ղեկավարում է ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

Ակադեմիան միավորում է 35-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: Այն նաև մասնաճյուղեր ունի Գյումրիում, Սևանում, Գորիսում, Վանաձորում և Կապանում։

Ակադեմիան ունի ավելի քան 4500 աշխատակից, որոնցից 99-ը ակադեմիկոսներ են, 20-ը թղթակից անդամներ։ Ակադեմիան ունի նաև 3 պատվավոր անդամ, 24 արտասահմանյան անդամ և 24 պատվավոր դոկտոր։

ԳԱԱ գիտական համագործակցության պայմանագրեր ունի մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների հետ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն