Տվյալ կարգավորման հետ կապված մենք երկար ճանապարհ ենք անցել: Քննարկում էինք՝ համաներո՞ւմ, թե՞ իրավական կարգավորումներ: Այդ վեճը շարունակվում էր մինչև 44-օրյա պատերազմը, հետպատերազմյան Հայաստանում շատ կարևոր էր համաներում իրականացնել և տեսնել՝ ինչ արդյունքներ է այն տալիս, որովհետև դա պետք էր, որ բոլորը գան Հայաստան և օգտակար լինեն՝ հետպատերազմյան Հայաստանում մեր խնդիրների լուծմանը մասնակից լինելով:

Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով՝ ունենք խնդիր, խնդիրը պետք է լուծվի:

«Խնդրի լուծման համար առաջարկվել է այս տարբերակը, ընդ որում, սա առաջին ընթերցումն է, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրեց Կառավարության տեսակետը, այդտեղ էլ բազմաթիվ հարցեր կան: Հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ հիմնական զեկուցողն ասաց՝ բացառությամբ մեկ կետի, մնացած բոլոր տարբերակներով կարող ենք աշխատել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, որովհետև ամբողջական լուծում, որ բոլորին բավարարի, չի գտնվելու: Այդ դեպքում ոչ մի բան էլ պետք է չփոխվեր, եթե չփախչեին ծառայությունից և զորակոչից»,- ասաց պատգամավորը:

«Եկեք գտնենք լուծում, որ մարդկանց ոչ թե դատենք, այլ տանք այլընտրանքի հնարավորություն: Տրված է 4 ալտերնատիվ ուղղություն, և այդ ալտերնատիվ ուղղությունների հետ կապված պետք է համերաշխ լինենք, իսկ ապագայում օրենքի ինչպիսի կարգավորումներ կգտնենք, ոչ ոք մեզ չի կաշկանդում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն