Նախընտրական քարոզչության ընթացքում բռնության տարրեր պարունակող խոսքի առեևույթ դեպքերը քրեադատավարական ընթացակարգերով ստուգվել են, և կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ։ Այս մասին Սահմանադրական դատարանում ընդդիմության դիմումի քննարկման ժամանակ ասաց դատախազ Կարեն Բիշարյանը։

«Ներկայացնելով հարցի քրեաիրավական կողմը՝ պետք է նշել, որ նախընտրական քարոզչության ընթացքում բռնության տարրեր պարունակող խոսքի առավել առեևույթ դեպքերը քրեադատավարական ընթացակարգերով ստուգվել են և կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ։ ՀՀ դատախազությունը գտնում է, որ կախված խոսքի համատեքստից, խոսքը արտահայտողի անձից, դիտավորությունից, խոսքի բովանդակությունից և ձևից, սրությունից և վնասի հնարավորությունից՝ այս չափանիշներով պետք է գնահատել բռնության կոչի և բռնության սպառնալիքի հանրային վտանգավորությունը։ Եվ քրեական հետապնդման մարմինները ստացված հաղորդումները հենց այս չափանիշներով էլ գնահատման են ենթարկել։ Գնահատական է տրվել նախընտրական քարոզարշավի ընթացքում առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու և սպառնալիքներ տալու թվով 4 դեպքերի, որոնցով քրեական գործեր հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել»,- ասաց դատախազը։

Ըստ նրա՝ եթե հաշվի ենք առնում խոսքը հնչեցնողի անձը, դա պետք է կապենք խոսքի բացառապես քաղաքական բնույթ ունենալու հետ։ Իսկ եթե խոսքը քաղաքական է, ապա քաղաքական խոսքն ամբողջությամբ գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության ներքո։

«Խոսքի համատեքստի գնահատման առումով մենք հաշվի ենք առել նաև հետևյալ արտահայտությունը, որը կարմիր թելով անցնում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարի հայտարարություններում։ Շեշտադրում է արվում հետևյալի մասին, որ՝ բառացի չհասկանաք մուրճի գործադրումը, սա օրենքի ու իրավունքի դիկտատուրա հաստատելու սիմվոլ է։ Այսինքն՝ այստեղ գործ ունենք խոսքի համատեքստը պատշաճ և արդարացի գնահատելու անհրաժեշտության հետ։ Եվ այս համատեքստում մենք տվել ենք մեր քրեաիրավական գնահատականը»,- հավելեց դատախազը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն