Նոր ուսումնական տարում դասերն առկա ձևաչափով և առանց դասարանները խմբերի բաժանելու հնարավոր է՝ թույլ տրվի այն դեպքում, երբ ուսհաստատությունների աշխատակիցների շրջանում պատվաստման մակարդակը լինի առնվազն 60-70%:

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակի քննարկման ժամանակ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում այսպիսի տեսակետ էր հնչել դեռ երկու օր առաջ: Քննարկմանը մասնակցել էին ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍՆ փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանը, Կարեն Թռչունյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու նպատակով կողմերը բոլոր հնարավոր տարբերակներն ու առաջարկները քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ընդգծելով, որ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները պետք է փոխօգտավետ լինեն կրթական եւ առողջապահական ոլորտների համար:

Չի բացառվում, սակայն, որ պատվաստման այդ սահմանը չապահովելու դեպքում ուսհաստատություններն անցնեն հեռավար ուսուցման: Դասերի՝ հեռավար եղանակով կազմակերպման մասին դեռ հուլիսի 9-ին խոսել էր առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին՝ նա նշել էր, որ կրթական հաստատություններում դասերը կլինեն հեռավար, եթե ուսուցիչներն ու պրոֆեսորադասախոսական կազմը պատվաստված չլինեն:

ԿԳՄՍՆ-ից փորձեցինք մանրամասներ ճշտել, այդ թվում՝ դասերն առկա անցկացնելու համար ուսուցիչները պարբերաբար բացասական թեստի պատասխա՞ն գուցե պետք է ներկայացնեն:

Կրթության նախարարությունից լրացուցիչ ոչինչ չասացին, միայն նշեցին՝ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները կկայացվեն՝ ըստ կորոնավիրուսի դինամիկայի աճի կամ նվազման գնահատման: Առողջապահության նախարարությունից էլ հայտնեցին, որ ԱՆ-ն կարեւորում է պատվաստումային գործընթացը, եւ սեպտեմբերին նոր ալիքի կամ ալիքի տեմպի չահագնանալու նպատակով շատ կարեւոր է ուսուցիչների պատվաստման հարցը:

Փորձելով հասկանալ, թե դպրոցներում ուսուցիչների կողմից ինչպիսի՞ն է ակտիվությունը պատվաստումների հետ կապված, զանգահարեցինք մի շարք դպրոցների տնօրենների: Նրանց մի մասը, սակայն, պատվաստված ուսուցիչների հստակ թիվ չկարողացավ նշել, որովհետեւ ուսուցիչներն այժմ արձակուրդի մեջ են՝ մինչեւ օգոստոսի 22-ը:

Թիվ 109 ավագ դպրոցի տնօրեն Սամվել Թադևոսյանը մեր զրույցում նշեց, որ որոշ պատվաստվողներ եղել են թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների շրջանում: Նրա խոսքով՝ կոլեկտիվի մեծ մասը տրամադրված է պատվաստվելու, մանավանդ հիմա, երբ կորոնավիրուսի թվերն սկսել են աճել:

Թիվ 118 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանն էլ ընդգծեց՝ առհասարակ, բոլորի մոտ թերահավատություն կա ցանկացած պատվաստման նկատմամբ: Իրենց դպրոցում պատվաստված ուսուցիչներն ու աշակերտները դեռ քիչ են: Տնօրենը, սակայն, հույս ունի, որ արձակուրդից վերադառնալուց հետո ուսուցիչները կպատվաստվեն, որ կարողանան առանց խմբերի բաժանելու՝ բնականոն կերպով ուսումնական գործընթացը կազմակերպել: Նրա կարծիքով՝ կրթության նվիրյալ որեւէ ուսուցիչ չի ցանկանա, որ ուսումնական պարապմունքներն անցկացվեն հեռավար եղանակով, որովհետեւ որքան էլ որ տեխնիկական միջոցներն այսօր հնարավորություն են տալիս ուսումնական գործընթացը կազմակերպել հեռավար եղանակով, միեւնույն է, կենդանի շփումը բոլորովին այլ է: Նաեւ կան մեթոդիկաներ, որոնք հնարավոր չէ կիրառել հեռավար ուսուցման պարագայում, իսկ այդ մեթոդիկաները շատ ավելի արդյունավետ են:

Թիվ 184 դպրոցի տնօրեն Մարիամ Կիրակոսյանն էլ նշեց՝ կոլեկտիվի մի մասն ուզում է, մի մասը դեմ է: Արձակուրդից հետո պարզ կդառնա, թե ի՞նչ որոշում կկայացնեն նրանք, սակայն, տնօրենի կարծիքով՝ պատվաստումն անխուսափելի է, իսկ հեռավար եղանակով ուսուցումը միայն երեխաներին վնասելու է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն