Սևծովյան տարածաշրջանը որպես էնոտուրիզմի (գինու տուրիզմ) գրավիչ ուղղություն խթանելու նպատակով The Sea of Wine-ի միջոցառումը միավորեց տարածաշրջանի երկրները:

Նախագծի մեկնարկն ազդարարող միջոցառման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ողջունեց հյուրերին և խոսեց գինու ոլորտի, արտադրող ընկերությունների, ինչպես նաև ռեստորանների ու սրճարանների խթանման կարևորության մասին։ Ելույթ ունեցան նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Տեղեկատվական մասին հաջորդեց գինիների կույր համտես, որը ներկաների օրն անմոռանալի դարձրեց:

«The Sea of Wine նախագծի շնորհիվ մենք ցանկանում ենք համաշխարհային ճամփորդական քարտեզի վրա Սևծովյան տարածաշրջանը նշել որպես էնոտուրիզմի ցանկալի նպատակակետ։ Նաև մտադիր ենք խթանել տեղական բիզնեսները՝ գինու գործարաններ, տուրիստական գործակալություններ, հարմարավետ ժամանակավոր բնակատեղիներ, սննդի կետեր: Գործընկեր երկրները գինու պատմական աշխարհի մի մասն են, որոնք ակտիվորեն խթանվելու դեպքում կարող են մեծ ուշադրության արժանանալ և հետաքրքրություն առաջացնել զբոսաշրջիկների շրջանում», - ասաց ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը:

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Սևծովյան տարածաշրջանը՝ ստեղծելով համապատասխան հարթակ, կազմակերպելով տարատեսակ հետաքրքիր միջոցառումներ և հիմնելով գինու երթուղիներ։ Արդյունքում կստեղծվի մեկ միասնական Սևծովյան գինու երթուղի, որը հասանելի կլինի նախագծի հարթակում՝ օգնելով աշխարհի տարբեր ծայրերում գտնվող գործարարներին նոր շունչ հաղորդել իրենց բիզնեսին և զբոսաշրջիկներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով։

Եվ այսպես՝ ցանկալի արդյունքի հասնելու համար մենք մտադիր ենք անել հետևյալը՝

մշակել ՏՀՏ հարթակ, որը կներառի տարածաշրջանի՝ որպես գինու արտադրության և տուրիզմի գրավիչ ուղղության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունը,

մեկնարկել «Եկեք խոսենք գինու մասին» միջոցառումների շարքը,

անցկացնել «Սևծովյան գինիները» խորագրով միջոցառումը, որի նպատակն է ընդլայնել Անդրսահմանային համագործակցությունը և Սևծովյան տարածաշրջանը դարձնել էնոտուրիզմի հիմնական ուղղություն։

«Սևծովյան ավազան 2014-2020թթ․» Եվրոպական հարևանության գործիքի ներքո իրականացվող Անդրսահմանային համագործակցության համատեղ գործառնական ծրագրի շրջանակում ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագիծը հրաշալի հնարավորություն է ընձեռում գինու և զբոսաշրջության ոլորտի գործարարներին ու շահառուներին՝ խելամիտ ծախսելու իրենց ռեսուրսներն ու օգուտ քաղելու գալիք տարիների ընթացքում: Ավելին՝ բոլոր նպաստավոր պայմաններն առկա են, որպեսզի նրանք ներկայացնեն և խթանեն իրենց ապրանքներն ու ծառայությունները, ինչպես նաև նպաստեն Սևծովյան տարածաշրջանի՝ որպես գինու պատմական աշխարհի ճանաչմանը։

26-ամսյա նախագիծը համատեղ իրականացնում են ICARE հիմնադրամը, Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանը, Ագրոբիզնեսի զարգացման վրացական կենտրոնը և Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիան 2020-2022 թթ․:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն