Մեր նպատակադրումը պետք է լինի մարդկանց ոչ թե դիպլոմով, այլ կրթությամբ ապահովելը. վարչապետի պաշտոնակատար
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց եւ անհետաձգելի համարեց՝ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելուն:
Հարցը զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները բխում են կրթության բնագավառում պետական քաղաքականության միտումներից եւ ուղղված են պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությանը, ինչպես նաեւ նպատակայնության ու ծավալների ընդլայնմանը:
«Նախագծերի ընդունմամբ՝ սահմանադրության պահանջներին համապատասխան իրավական հիմք եւ լիազորող նորմեր կապահովվեն՝ հնարավորություն ընձեռելով Կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են ամբողջությամբ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից»,- ներկայացրեց Դումանյանը:
Ըստ նրա՝ գործող կարգերով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցումից օգտվում են ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողները, օրենքով նախատեսված սոցիալական խմբերին պատկանող ուսանողները, անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողները, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայքնների ուսանողները:
Բացի օրենքով սահմանված շրջանակից սովորողների այլ խմբերին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում հայտարարված արտակարգ դրությամբ ու 44-օրյա ռազմական գործողությունների հետեւանքներով:
Պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից կամ երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներ:
«Առաջարկվող փոփոխությունների արդյունքում Կառավարության կողմից կսահմանվեն համապատասխան կարգեր, որոնցով կկարգավորվեն ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների չափերը: Նաեւ կամրագրվեն առաջադիմության շեմեր (բուհերում՝ ՄՈԳ), ըստ որոնց կնախատեսվեն համապատասխան փոխհատուցման չափերը՝ նպատակ ունենալով խրախուսել եւ կարեւորել նաեւ սովորողների առաջադիմությունը, ապահովել կրթության որակը»,- նշեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:
Դումանյանի խոսքով՝ այս տարի ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվեն շուրջ 4000 ուսանողներ, հաջորդ տարի 6800 կկազմի, 2023-ին՝ 6000, իսկ 2024-ին՝ 4600:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սոցիալական եւ կրթական քաղաքականությունների մեջ պետք է լինի ճիշտ հավասարակշռում, որովհետեւ նպատակահարմար չէ կրթության ոլորտում հենվել բացառապես սոցիալական բաղադրիչի վրա, որովհետեւ դրա սոցիալական հետեւանքներն իրականում շատ ավելի վատ են, քան թե լավ:
«Եթե մենք ուղղակի մարդուն օգնում ենք, որպեսզի ինքը մնա բուհում եւ պատշաճ մոտիվացիաներ չենք դնում, որպեսզի նա ստանա պատշաճ կրթություն, մենք դրանով նրա սոցիալական հարցը ոչ թե լուծում, այլ խորացնում ենք: Այդ մարդիկ հաճախ համալրում են այն կատեգորիայի շարքը, որը ժողովրդական լեզվով ասած հետեւյալն է, որ բարձրագույն կրթությամբ չենք կարողանում աշխատանք գտնել: Հետեւաբար մեր նպատակադրումը պետք է լինի մարդկանց ոչ թե դիպլոմով, այլ կրթությամբ ապահովելը»,- նշեց Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ պետությունը պիտի օգնի այն մարդուն, ով ուզում է ստանալ կրթություն, բայց պետությունը չպիտի օգնի այն մարդուն, ով ուզում է ստանալ դիպլոմ:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն էլ ասաց, որ ԵՄ-ի կողմից տրամադրվող 2.6 մլրդ եվրոյի փաթեթի մեջ ներառել են նաեւ միջին մասնագիտական կրթության վրա շեշտադրում անելու ծրագրեր եւ հույս ունեն, որ դրա արդյունքում մեծ քանակի մասնագետներ կստեղծվեն, որոնք կկարողանան, թե՛ սեփական փոքր ու միջին բիզնեսը ստեղծել, թե՛ այդ ոլորտում լրացնել թափուր աշխատատեղերը: