Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի և նրա օգնականի հաստիքները կկրճատվեն
Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների կազմը և հաստիքացուցակները կփոփոխվեն: Հարցը ներառված է Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 26-ի նիստի օրակարգում:
Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միլենա Այդինյանը նշեց, որ ներկայումս աշխատակազմը բաղկացած է 787,5 հաստիքից, իսկ աշխատավարձի ֆոնդը կազմում է 263 միլիոն 478 հազար 245 ՀՀ դրամ: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում հաստիքների թիվը նախատեսվում է սահմանել 812 միավոր, իսկ ամսական աշխատավարձի ֆոնդը՝ 270 միլիոն 323 հազար 445 ՀՀ դրամ:
Ըստ Այդինյանի՝ փոփոխությունները միտված են կառուցվածքային որոշ ստորաբաժանումների միավորմանը կամ կրճատմանը, գործառույթների վերաբաշխմանը, հաստիքների հնարավորինս օպտիմալացմանը, որոշ դեպքերում՝ նոր հաստիքների ավելացմամբ: Կրճատվում են այն ստորաբաժանման գործավարները, որոնց թվաքանակը պակաս է 20-ից:
Առաջարկվում է սահմանել առանձին գործառույթների իրականացման խորհրդատուների ևս 15 միավոր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ աշխատանքների իրականացման փուլում անհրաժեշտություն է առաջանում ներգրավել նեղ մասնագիտական կրթություն ունեցող մասնագետների: Այսպիսով՝ առանձին գործառույթների իրականացման խորհրդատուների գործող 5 հաստիքային միավորին կավելանա ևս 15 հաստիքային միավոր: 15 խորհրդատուները պետք է ավելի ինտենսիվ կերպով ներգրավվեն նեղ մասնագիտական կրթություն, փորձ, հմտություն պահանջող գործառույթների իրականացմանը:
Առևտրի և ծառայությունների վարչությունը (20 հաստիք) կմիավորվի Արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը (15 հաստիք)՝ ստեղծելով Առևտրի ծառայությունների և գովազդի վարչություն: Նոր ստեղծված վարչության հաստիքների թիվը կլինի 23:
Կկրճատվեն Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի, նրա օգնականի հաստիքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդիվ ընդունված օրենքներից մեկով արդեն իսկ հանվել են ճարտարապետի պարտադիր առկայության դրույթները:
Գլխավոր ճարտարապետի հաստիքը հանելու հետ կապված մտահոգության առնչությամբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց. «Ինչ վերաբերում է գլխավոր ճարտարապետի հարցին, իհարկե, դա քննարկման առարկա է, բայց պետք է հետևապես գնանք, օրենքի տրամաբանությունը փոխենք, որը նախկինում հենց փոխվել էր, որպեսզի մենք գայինք այս տրամաբանությանը: Հաջորդ տարի կարող ենք դա էլ քննարկել»:
Տիգրան Ավինյանը նաև ընդգծեց՝ սա համապարփակ փոփոխությունների առաջին փուլն է, և նպատակը կրկնվող գործառույթ ունեցող ստորաբաժանումների միավորումն է:
«Մենք, օրինակ, ունենք X ծառայություն և Y ծառայություն, և X ծառայությունն էլ կարող էր գնալ, երևանցուն տուգաներ նույն իրավախախտումն իրականացնելու համար, հետո մի հատ էլ Y ծառայությունը կարող էր գնալ ու տուգանել նույն իրավախախտման համար: Մենք կրկնվող գործառույթներն առաջին փուլով միավորում ենք: Ռիսկը կարող է լինել այն, որ պրոցեսը շարունակական չլինի, այսինքն՝ մեզ պետք է համապարփակ և ամբողջական կառուցվածքային փոփոխություններ իրականացնել, բայց արդեն ավելի խորքային. սրանք մակերեսային, կոնկրետ բոլորիս համար տեսանելի հարցեր են»,- ասաց Ավինյանը: