Արմավիրի մարզի երթուղիների մեծ մասը շարունակում են սպասարկել հնամաշ ավտոբուսներն ու «Գազել» մակնիշի միկրոավտոբուսները:  Ուղևորափոխադրումների որակը բարձրացնելու նպատակով  մեկ տարի առաջ մարզի Արմավիրի և Վաղարշապատի տարածաշրջանների միասնական երթուղիների շահագործման մրցույթ էր հայտարարվել։ Դրանցից  մեկում հաղթել էր «Էջմիածնի ԲՈՒԱՏ» ՍՊԸ–ն, մյուս  մրցույթի արդյունքները դեռ  վիճարկվում են դատարանում: Օրեր առաջ Քարակերտ-Երևան ճանապարհին վթարված միկրովատոբուսը շահագործել է Էջմիածնի  ավտոտրանսպորտային ձեռնարկությունը: Ընկերության գործադիր տնօրենի հետ զրույցում Սաթիկ Իսահակյանը ոչ միայն այդ թեմային է անդրադարձել, այլ նաև հետաքրքվել է, թե ինչու երթուղիներ դուրս չեն գալիս ընկերության ձեռք բերած տրանսպորտային նոր միջոցները։



Արմավիրի մարզի մի շարք համայնքներում հասարակական տրանսպորտի խնդիրը դեռ մնում է անլուծելի: Ուղևորները շարունակում են երթևեկել հին ու կիսաքանդ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով։ Միակ լուծումը հաճախ տաքսիներով երթևեկելն է: Քաղաքացիները դժգոհում են  տեղաշարժման սահմանափակումներից և հնամաշ փոխադրամիջոցներով երթևեկելուց.

«Մի կերպ ենք գնում: Քովիդից  հետո տրանսպորտը սկսեց մի քանի ժամը մեկ աշխատել : Հիմա մի վարորդ է,  մի ավտոբուս: Մի հատ հին ավտոբուս էր, երթուղի էր դուրս  գալիս, բայց կարող էր ճանապարհին մնալ: Ես երկուշաբթի օրը գյուղից գնալու էի Արմավիր՝ ծնողական ժողովի: Ժամը 14-30-ին պետք է շուտ գայի, որ հասնեի, բայց ավտոբուսը չեկավ, որովհետև անսարք էր»:



Զրուցակիցս Արգավանդ գյուղից ամեն օր գնում է Արմավիր, բայց ճանապարհի դժվարությունները շրջանցել չի կարողանում: Ասում է՝ վերջերս անսարք ավտոբուսը փոխարինվել է մեկ այլ հնամաշ, բայց նախորդից մի քիչ ավելի թարմ ավտոբուսով:

«Հիմա որոշ չափով գոհ ենք, որ դուռը փակվում է, նստարանները սարքին են, գոնե նստարաններին են նստում,  մարդիկ կանգնած չեն: Էն, որ ասում են՝  էլի շնորհակալ ենք, հենց այդ վիճակն է»:



Նույն դժվարություններն ունեն տրանսպորտի պատճառով դասերից գրեթե միշտ ուշացող ուսանողները:

«Մի հատ Գազել է, խեղճ երեխեքը կծկված, շախմատի ձի դարձած հասնում են Երևան: Այդ մի փոքր Գազելով տեսեք, թե քանի գյուղի մարդկանց են հասցնում Երևան: Ջանֆիդա, Փշատավան-Արմավիր-Երևան երթուղին է»:

Արմավիրի քաղաքից գյուղեր երթևեկող ավտոբուսների վարորդների պատճառաբանությունները նույնն են՝  երթուղիները եկամտաբեր չեն։ Արդարանում են.

«Տեսեք, եթե մի ուղևոր լինի այս  տրանսպորտին ձեռք չի տա երթուղի դուրս գա ու 30կմ ճանապարհ անցնի, վերջը ավտոբուս է, էլի:»

«Մեքենան, որ դուրս գա երթուղի ու չկարողանա իր գազի լիցքավորման փողը  հանի: Բոլոր գծերում հիմա մի ավտոբուս է աշխատում: Երկրորդ ավտոբուս ոչ մի գծում չկա, ոչ միայն շաբաթ օրը, այլ մյուս օրերին էլ չկա»:



Արմավիրի մարզում ընդհանուր օգտագործման  ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնելու նպատակով նախորդ տարի  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը  3 մրցույթ էր հայտարարել: Առաջին երկու մրցույթներին հայտեր չեն ներկայացվել, որից հետո նոր ռազմավարություն է մշակվել:  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան.

«Մենք Արմավիրի մարզում սկզբից մրցութային գործընթացն իրականացրել ենք մեկ մեծ փաթեթով, որի ժամանակ մասնակիցներ չեն գրանցվել և քննարկումների արդյունքում հանգել ենք այն մտքին, որ միգուցե պետք է բաժանել  երկու մասի»:

Արդյունքում՝ Արմավիրի մարզի մեկ մեծ փաթեթը տրոհվել է Արմավիրի և Վաղարշապատի տարածաշրջանային 2 փաթեթների, և ուղիղ մեկ տարի առաջ՝ 2021թ. նոյեմբերի 9-ին, հայտարարվել է նոր մրցույթ: Վաղարշապատի տարածաշրջանային միասնական երթուղիների ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների մրցույթում հաղթող է ճանաչվել  «Էջմիածնի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, իսկ Արմավիրի տարածաշրջանային միասնական երթուղիների մրցույթում  «Գալակտիկա տրանս սերվիս»  և «Ընկերներ տրնաս» ՍՊ ընկերությունները հաղթող չեն ճանաչվել: Երկու ընկերություններն էլ արդեն մեկ տարի հարցը վիճարկում են վարչական դատարանում. վերջնական որոշում առայժմ չկա: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան.

«Մենք դատական գործընթացի ավարտին ենք սպասում, որի պատճառով չենք կարողանում իրականացնել այն ծրագրերը, որոնք նախատեսել ենք: Իհարկե, կան բնակավայրեր, որոնք կանոնավոր տրանսպորտով ապահովված են, բայց, ցավոք, կան բնակավայրեր, որոնք զրկված են կանոնավոր տրանսպորտից: Մենք գրություններ են ուղարկել դատարան,   խնդրել ենք՝ հաշվի առնելով, որ հարցն առնչվում է շատ մարդկանց շահերին, հնարավորինս արագ դատական գործընթաց իրականացնեն: Դատարանի որոշումից հետո միայն կկարողանանք գործընթացը շարունակել»:

Ըստ մրցույթի պայմանների՝ մինչև 30 նստատեղով ավտոբուսները պետք է լինեն վերջին տարիների՝ առավելագույնը  2-3 տարվա արտադրության, դրանց ընդհանուր թվի առնվազն 10 տոկոսը պետք է հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման պահանջներին։ Վաղարշապատի տարածաշրջանային միասնական երթուղիների սպասարկման նպատակով ընկերութունը 6 ամսվա ընթացքում  ձեռք է բերել նոր տրանսպորտային միջոցներ: «Էջմիածնի ԲՈՒԱՏ» ՍՊԸ գործադիր տնօրեն Վաղարշակ Սարգսյան.

«Մենք վեց ամսից  շուտ էինք բերել մեքենաները, «Նեքսթ-գազելներ» են՝ վերջին 2022թ արտադրության: Մրցույթով 2021թ-ի էին նախատեսել, բայց նորը բերեցինք: 32-ն արդեն ունեինք, 16 հատ պետք է դրանցից  բերեինք,  բայց 26 հատ բերեցինք: Երթուղիներ կան, որ դրանցով դեռ չեն շահագործվում »:

Ընկերությունը 58 նոր փոխադրամիջոց ունի: Թեև մրցույթից անցել է մեկ տարի, նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերման ժամկետից էլ՝ հինգ ամիս, բայց Վաղարշապատի երթուղիների հիմնական մասը դեռ շահագործվում է տրանսպորտային հին միջոցներով, այդ թվում՝  Արմավիր-Էջմիածին երթուղին։

«Գազել է սպասարկում, դեռ չենք փոխել: Կդնենք այն ժամանակ, երբ մրցույթը կհաստատեն: Ասենք թե մրցույթը շահել ենք, բայց մեզ մինչև հիմա մեր դեղին համարները չեն տվել, մեքենաները կանգնած են: Պատճառը՝ մեր մեքենաները հարմարեցված չեն եղել հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման  համար: Հիմա փոխադրամիջոցները վերասարքավորել ենք և սպասում ենք, որ գան նայեն ու հաստատեն»:

Օրեր առաջ Մեծամորի ճանապարհին  վթարի էր ենթարկվել  232 համարի Քարակերտ-Արմավիր-Երևան  «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը, վթարը  4 մարդու կյանք էր խլել:  Մեքենայի ցուցանակին նշված է եղել «Էջմիածնի ԲՈՒԱՏՁ»: «Ռադիոլուրի» հարցին՝ այդ երթուղին ևս իրենք են շահագործում, «Էջմիածնի ԲՈՒԱՏ» ՍՊԸ գործադիր տնօրեն Վաղարշակ Սարգսյանը նախ բացասական պատասխան տվեց, ապա բացատրեց.

«Նախկինում ենք սպասարկել, նոր մրցույթով մերը չի, Արմավիրինն է, հա, մինչև այդ մենք սպասարկել ենք: Հիմա, մինչև վթարվելը մեր անունով է շահագործվել: Ուրիշ կազմակերպություն է եղել, բերել է, ինքը սպասարկել է իմ անունով: Ոնց կարող եմ ես պատասխանատվություն չկրել դրա համար: Ես եմ պատասխանատուն»:

Վաղարշակ Սարգսյանն ասում է, որ մինչև վթարը «Գազել»–ը սարքին է եղել: Այդ հարցին պատասխանելու է նաև ընթացող  նախաքննությունը։ Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն