Մեդիագրագիտություն, կիբեր անվտանգություն և ինտերնետ հասանելիություն․ սրանք այն խնդիրներն են, որ այսօր ունի Հայաստանը համացանցային տիրույթում։ Խնդիրները քննարկելու ու բազմակողմ մասնագիտական կարծիքներ գեներացնելու համար արդեն 7-րդ անգամ մայրաքաղաքում իրականացվում է «Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողովը»։ Տարածաշրջանի մյուս երկրների համեմատ Հայաստանը կիբերանվտանգության և մեդիաանվտանգության ոլորտում բավականին լավ դիրքերում է, սակայն 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ոլորտում անելիքներ շատ կան։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հիշեցնում է, որ պատերազմի ժամանակ թշնամական կիբերհարձակման թիրախում հայտնվեց նաև պետական համակարգը։

«2020թ պատերազմի ժամանակ մենք տեսանք, որ շատ լուրջ խնդիրներ ունենք, այնպիսի խնդիրներ, որոնք ազդեցին մեր պաշպանողական համակարգերի վրա։ Այս ուղղությամբ ինչ–որ դրական շարժեր հիմա նկատվում են, բայց կարծում եմ ՝տեմպը շատ ցածր է»։

Սամվել Մարտիրոսյանը նկատում է՝ խնդիրներն այնքան շատ են ու բազմաշերտ, որ միայն պետական կամ մասնավոր սեկտորով դրանք լուծել հնարավոր չէ։ Համակարգային ռազմավարություն է պետք, որի կրողը կլինեն հասարակության բոլոր շերտերը։

Մյուս ամենամեծ խնդիրը, առհասարակ, բնակչության գրագիտությունն է․ եթե նույնիսկ մարդը շատ գրագետ է, մի քանի հատ դիպլոմ ունի, միևնույն է, ինքը կարող է մեդիագրագետ չլինել և շատ հեշտ խաբվել։ Այն խաբեությունները, որոնք աշխարհին ծանոթ էին 1990-2000–ականներին, երբ մենք դեռ ինտերնետ չունեինք, հիմա մեզ են հանդիպում։ Մարդիկ շատ պրիմիտիվ մեխանիզմերով են խաբվում։ Վիճակագրություն չկա, բայց կարծում եմ՝ ՀՀ բնակչությունը ահռելի գումարներ է կորցնում այդ խաբեություների վրա, շատ հաճախ իրենք նույնիսկ չեն էլ նկատում, որ իրենց քարտից գումար է պակասել»,– ասում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։



Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան

Նախորդ տարի Հայաստանում կիբեռհանցագործությունների դեպքերի վերաբերյալ շուրջ 400 քրեական գործ է հարուցվել։ Դա կազմում է ընդհանուր քրեական գործերի միայն 1%-ը։ Վերլուծության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կիբեռհանցագործությունների իրական թիվը կարող է հասնել տարեկան շուրջ  40 հազարի։ 

«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը վստահ է, որ կիբերհանցագործությունների տարածվածության ու մեդիագրագիտության ցածր մակարդակի պատճառը նաև որոշ բնակավայրերում ինտերնետ հասանելիության բացակայությունն է։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի բնակչության շուրջ 60 տոկոսը միայն ունի մշտական ու լայնաշերտ ինտերնետ հասանելիություն։

«Մասնավորապես, Հայաստանի մարզերից մեկում մի քանի երեխա վերջերս ինքնասպանություն են գործել՝ ներգրավված լինելով հանցագործների խաղերի մեջ․ սա մեր խնդիրն է, մենք, իհարկե, դասեր ենք իրականացնում։ Եթե այդ դասերին կարողանում ենք ներգրավվել 60, 100 հոգի, մենք դա չենք կարող անել ամբողջ Հայաստանի համար»։



«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյան

Հայաստանի համար առաջնային խնդիր պետք է լինի ինտերնետ հասանելիության ցուցանիշը 90 տոկոսի հասցնելը, կարծում է Իգոր Մկրտումյանը։ Սա հատկապես գյուղաբնակ երիտասարդներին աշխարհայացքը ընդլայնելու, ինչու ոչ՝ նաև ավելի որակյալ կրթության ստանալու հնարավորություն կտա ։

«Եվրոպական զարգացած երկրներում խոսում են այն մասին, որ ինտերնետ հասանելիությունը դառնա մարդու իրավունքներից մեկը, ես կարծում եմ, որ մեր կառավարությունը ևս պետք է գնա այս մտքի հետևից։ Կառավարությունը պետք է հոգա դրա մասին և մտածի՝ ինչպես ներդրումներ կատարի, որ լայնաշերտ ինտերնետը հասցնի բոլորին, քանի որ դա լուծում է նաև կիբերանվտանգության հարցը»,– ասում է Իգոր Մկրտումյանը։

2022–ը ինտերնետ տիրույթի և առհասարակ ՏՏ ոլորտի համար բավականին մեծ փոփոխությունների ու զարգացման հեռանկարների ավելացման տարի էր՝ նկատում է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ Ընթացիկ տարում, տարբեր աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված, Հայաստան տեղափոխվեցին ոչ միայն ՏՏ անհատ մասնագետներ, այլև արտասահմանյան ընկերություններ․ Չոբանյանն ասում է՝ այս դեպքում պետական մոտեցում, հատուկ ռազմավարություն, զարգացած ու ճկուն ենթակառուցվածքներ են պետք, որ հատկապես բարձրակարգ մասնագետները մնան և շարունակեն աշխատել Հայաստանում։



«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյան

Այնուամենայնիվ, այս տարի մենք հասկացանք, որ մեր երկիրը հավակնոտ դեր ունի, այն դեպքում, որ դրանից առաջ նույնիսկ 100-ակի մեջ չէր մտնում, այն երկրների, որտեղ մասնագետներ են ռելոկացվում։ Փորձը ցույց է տալիս, որ արտաքին ենթակառուցվածքները հաճախ ավելի կարևոր նշանակություն են ունենում, քան ուղիղ խթանը, ինչպիսին կարող է լինել օրինակ՝ աշխատավարձը կամ հարկային քաղաքականությունը, խոսքը վերաբերում է օրինակ՝ երեխաների կրթությանը, ընտանիքի մյուս անդամների աշխատանքին»,– ասում է Չոբանյանը։

Մասնագիտական ռելոկացիան առաջին հերթին թարմություն է երկրի տնտեսության համար՝  նկատում է Հայկ Չոբանյանը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն Հայաստան տեղափոխված շուրջ 70 հազար մարդկանցից 15 հազարը ՏՏ ոլորտում է աշխատում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն