Հայաստանի Զինված ուժերը նոր համազգեստ «կհագնեն»։ Պաշտպանության նախարարությունը նախատեսել է փոխել ԶՈՒ անձնակազմի դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական հանդերձանքը։ Փետրվարի 16-ը հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն էր։ Նախարարությունը դեռ չի պարզաբանում՝ ընտրվե՞լ է նոր համազգեստի ձևավոևման առաջարկ, թե՞ ոչ։ Պարզ չէ նաև, թե կոնկրետ ի՞նչ խնդիր է լուծելու փոփոխությունը։ Ռազմական ոլորտի փորձագետները, սակայն, կարծում են, որ սա անելու անհրաժեշտություն վաղուց կար։

Հավանական խնդիր համար 2․ այժմ կիրառվող զինվորական համազգեստը պարտության ասոցիացիա է կրում՝ կարծում է Արծրուն Հովհաննիսյանը․

«44-օրյա պատերազմի դառն արդյունքները ինչ–որ առումով սիմվոլիզացվում է համազգեստի վրա և, եթե մեզ հաջողվի փոխել ու այդ սիմվոլիզմը կոտրել, չափազանց լավ կլինի, և ասեմ, որ այս ամեն ինչը հասունացած էր վաղուց, այսինքն՝ 44-օրյայից անմիջապես հետո պետք է արվեր, ուրախ եմ, որ գոնե հիմա է ավում»։

Կարեն Հովհաննիսյանն այս հարցին միանշանակ պատասխան ունի՝ ռազմական անհաջողությունը համազգեստի հետ չի կապվում և որևէ հոգեբանական խնդիր չի առաջացնում․

«Ես այդպես եմ կարծում։ Պարզապես ցանկություն կա ավելի բարելավել․ և՛ համազգեստների թիվը ավելացնել, և՛ մաշվածությունը մինիմալի բերենք։ Զինվորը նույն համազգեստով գնում է ճաշարան, նույն համազգեստով գնում է կրակային պատրաստության, նույն համազգեստով գնում է լսարան, նույն համազգեստով գնում է արձակուրդ։ Եվ մենք դրսում տեսնում ենք զինվոր, ում համազգեստը գունաթափված է։ Եվ մենք, ըստ դրա, նաև գաղափար ենք կազմում մեր բանակի մասին, որը ճիշտ չէ։ Մեր համար հոգեբանորեն կարծես խեղճ ու կրակ բանակ է, իսկապես, պարտված բանակ է և այլն։ Մեզ վրա է հոգեբանական, այլ ոչ թե զինվորի կամ ռազմական գործիչների»։

Պաշտպանության նախարարությունը դեռ չի անդրադարձել այն խնդիրներին, որոնք լուծում է փոխելով համազգեստը։ Այսպիսով՝ թեև ռազմական փորձագետները իրար հակասող ենթադրություններ են անում, մի հարցում համակարծիք են՝ փոփոխության կարիք կար։

Զինվորական հագուստը Հայոց բանակի ողջ պատմության ընթացքում մի քանի անգամ փոփոխվել է։ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է համազգեստի էվոլուցիան։


«Դաշտային համազգեստը բանակի հիմնադրման պահից սկսած եղել է «ինչ կարողացել․ ճարել-հագնելու» սկզբունքով, և «աղվանկա» կոչվածը, որ խորհրդային բանակի համազգեստ էր, «աղվանկա»-ից հետո սովետական բանակի եռագույն կամ քառագույն կամուֆլյաժները, հետո հայտնվեցին արևմուտքից նվիրատվության սկզբունքով՝ ֆրանսիական, ամերիկյան, սիրական բանակի համազգեստ ենք երկար ժամանակ հագել։ Ասել, որ դա հստակ նորմատիվային սկզբունքներ ուներ՝ ոչ։ Ինչ ճարում՝ հագնում էինք, ըստ էության, մինչև 2000-ականների սկիզբը»։


Աջից՝ 2000-2010 թվականներին կիրառված համազգեստը։

2000-ականների սկզբին բանակը ձեռք բերեց առաջին լիարժեք, հենց իր համար կարծված համազգեստ, որը, սակայն, այնքան էլ չէր համապատասխանում մեր տեղանքի մեծ մասին։ Քառագույն, մեծ նախշերով համազգեստը և՛ որակական, և՛ գունային խնդիրներ ուներ։

«2000-ականների վերջին հայտնվեց այսօրվա դաշտային համազգեստը, ավելի բաց սպիտակ-մոխրագույն-շականակագույն գույների մեջ։ Սա մեր տեղանքի մեծ մասի հետ բավական լավ համընկնում էր, բացառությամբ անտառալեռնային տեղանքը։ Վատը չի, հարմարավետ է, հատկապես ձմեռային տարբերակը նաև բավականին տաք է»,– ասում է Հովհաննիսյանը։


Ներկա դաշտային համազգեստը (ձախից՝ ամառային, աջից՝ ձմեռային), որը կիրառվում է 2010 թվականից սկսած։

Զինվորական հագուստից է կախված զինվորի և՛ բարոյահոգեբանական վիճակը, և՛ մարտունակությունը՝ կարծում է Կարեն Հովհաննիսյանը։ Զիվորական համազգեստները տարբեր են՝ զորանոցային, տոնական, դաշտային։ Նա կարծում է, որ վերջինին հատկապես մեծ ուշադրություն է պետք հատկացնել․

«Այն պետք է լինի ամենաորակյալը, ամենագործունյան։ Համազգեստի վրա գտնվող բոլոր ատրիբուտները պետք է լինեն շատ պրակտիկ։ Զինվորական հագուստի մեջ պետք է իրեն դիսկամֆորտ չզգա ու չմտածի, թե համազգետը կպոկվի, որովհետև լավ չի նստած իր վրա»։

Փորձագետներն ակնկալում են, որ համազգեստը որակյալ կլինի հնարավոր բոլոր իմաստներով՝ բարոյահոգեբանական նորմալ վիճակ ապահովող, քողարկիչ գործառույթը պատշաճ կատարող, զինվորի համար արհեստական խնդիրներ չառաջացնող։ Սա, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, բնավ ճաշակի հարց չէ․

«Ռազմական գործում ամեն ինչը պետք է ենթարկվի ռազմական գիտության պահանջներին։ Այստեղ ևս շատ կարևոր է, որ համազգեստը ռազմական գիտության չափորոշիչների հետ գնա, արդիական, ժամանակակից բանակի, արդիական պատերազմի չափորոշիչներով ձևավորվի։ Որակը, տեսակը, գույները, ատրիբուտները, դետալները․․․ Եթե այդպես չառաջանորդվեցիր, ուրեմն ունենալու ես կամ շատ սիրուն համազգեստ, որը ձևական է ու պրակտիկ նշանակությւոն չունի, կամ էլ լրիվ անիմաստ շորի կտոր, որով ուղղակի քեզ ծածկում ես, կամ կարող է շատ տաք լինի, բայց պրակտիկ խնդիր չլուծի, բացի տաքությունից»։

Որոշ երկրներ տարբեր իրավիճակների ու տարբեր եղանակային պայմանների համար տարբեր համազգեստներ ունեն։ Բայց դա թանկ հաճույք է։ Հայ փորձագետները ակնկալում են, որ հագուստը հնարավորինս կլուծի գլխավոր՝ անվտանգային խնդիրը զինվորի համար՝ հոգեբանական ու ֆիզիկական հարմարություն ապահովելուն զուգահեռ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն