Հին Մետաքսի ճանապարհի հայկական «վկաները» ու նորի մշակութային հեռանկարները
2013 թվականից Չինաստանը նախաձեռնել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ առևտրային ուղու ստեղծումը: Տնտեսական ամուր հարաբերություններ ձևավորելու գործում այդ երկիրը կարևորում է մշակութային կապերի դերը: Երևանում օրերս տեղի ունեցավ հայ-չինական գիտաժողով-ցուցահանդես՝ նվիրված նախաձեռնության տասնամյակին:
Հին «Մետաքսի ճանապարհից» մինչև նոր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»․ տարբեր աշխարհամասեր իրար կապող առևտրային ուղու վերածնունդը 2013 թվականից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կարևոր նպատակներից է։
Նախաձեռնության 10-ամյակին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական թանգարանը, Չինաստանի Ֆուծիանի թանգարանը և Հայ-չինական գործընկերության կենտրոնը Երևանում գիտաժողով-ցուցահանդես էին կազմակերպել։
Մետաքսի ճանապարհը բաղկացած է եղել ուղիներից, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր ակտիվ սեզոնը։ Ձմռանը քարավաններն ինչպե՞ս պետք է անցնեին Վարդենյաց լեռնանցքով, կամ ամռանը՝ Սիրիայի անապատներով․ կլիմայից կախված ամեն ուղի ունեցել է իր շահագործման շրջանը՝ մանրամասնում են գիտաժողովի մասնակիցները։
Երկրաբան Արա Ավագյանն ուսումնասիրել է երկրաշարժի, հրաբխի կամ սողանքի պատճառով հողաշերտի տակ անցած «Մետաքսի ճանապարհի» հայկական տեղանքները։ Դրանցից մեկը Վայոց Ձորի պատմական Մոզ քաղաքն է, որը տարանցիկ առևտրի փառաբանված կենտրոն է եղել։
«Մոզ քաղաքը ավիրված է երկրաշարժից, որը տեղի է ունեցել 735 թվականին։ Տարածքը ընդհանրապես, բնակեցված է շատ վաղուց։ Բրոնզեդարյան թաղումներ կան շատ հետաքրքիր։ Միջնադարյան շերտը շատ-շատ հարուստ է՝ ավերված տներ, պարիսպներ, կառույցներ հոգևոր, եկեղեցիների հիմքերը լավ պահպանված են, շատ բաներ կան այնտեղ, որ կարիք ունի արժևորման և իհարկե պահպանման»։
14-րդ դարում Օրբելյանների իջևանատան կառուցումը, որը հայտնի է նաև Սելիմի քարավանատուն անվամբ, իր շուրջը աշխույժ առևտրային գոտի է ձևավորել՝ ազդելով նաև ոչ շատ հեռու գտնվող Գնդեվանք վանական համալիրի կյանքի վրա։ Վանական տնտեսության զարգացումը զարկ է տվել ձեռագրերի ստեղծմանը։ Հնագետ Ավետիք Ղազարյանը պատմում է համալիրում հայտնաբերված չինական Մին արքայատոհմի ժամանակաշրջանի բարձրակարգ ճենապակե սպասքի մասին․
«Գանձերը թաքցվել են 18-րդ դարի երկրորդ կեսին, մինչև 1981 թվականին հայտնագործումը։ Մեկ ափսե է, 4 բաժակ և բաժակատակ։ Իրենք բաժակներ չեն, ավելի շատ փիալա է՝ Չինաստանում դա խիստ տարածված սպասքատեսակ է։ Իր մեծագույն նշանակությունն այն է, որ ճենապակուց է։ Նրա վրա զարդաքանդակները, գունավորումը, պատրաստման եղանակը 14–րդ դարի է, և շուրջ 2 դար օգտագործումից հետո է, որ վանակնները ի պահ են տվել հողին, որպեսզի հետո վերադառնան։ Բայց գանձերը սպասել են մինչև 19-րդ դարի վերջեր՝ գտնվելու և այսօր ներկայացվելու»։
Հնագետ Աստղիկ Բաբաջանյանը զբաղվում է Արփա գյուղատեղիի պեղումներով։ Գտնվելով ճանապարհների խաչմերուկում, տեղանքը 12-14–րդ դարերում իշխած Օրբելյանների վարչական նստավայրերից մեկն է եղել․
«Պեղումների արդյունքները ցույց են տալիս, թե ինչպես են ճանապարհի հետագծին տեղակայված բնակավայրերը ակտիվ մասնակցություն ունեցել Մետաքսի ճանապարհին, որոնց լավ ապացույցները նյութական մշակույթի մեջ երևում են ջնարակապատ խեցեղենում։ Հենց Չինաստանից, իրանական, միջինասիական տարբեր խեցեգործական կենտրոններից ներմուծված բավական թանկարժեք և եզակի նմուշներ կան, որ ներկայացված են Վայոց Ձորում»։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը հին Մետաքսի ճանապարհին Վայոց Ձորի կարևորության գաղտնիքը բացատրում է մոնղոլական տիրապետության ժամանակ Օրբելյան իշխանատոհմի՝ մոնղոլների հետ ունեցած հարաբերութուններով, ինչը նրանց թույլ է տվել ինտեգրվել միջազգային առևտրի համակարգին․
«Հայկական լեռնաշխարհն իր քաղաքակրթական ակունքներից ուներ, օրինակ, օբսիդիան, մետաղ, խաղող, և Հայաստանն այդ ընդհանուր համակարգի մեջ իր բնաաշխարհագրական ռեսուրսներով ու հումքով պետք է իր ուրույն տեղն ունենար»։
Հայ-չինական գործընկերության կենտրոնի նախագահ Արմեն Մխիթարյանն ասում է՝ նոր «Մետաքսի ճանապարհը» հնի նմանությամբ ոչ միայն տնտեսական, այլև մշակութային հարաբերությունների մասին է։ Նախքան երևանյան գիտաժողովը, չինական Ֆուծիան թանգարանում հատուկ ցուցադրությամբ ներկայացել է Երևանի պատմության թանգարանը։
«Շուրջ 140 երկիր են միացած նախաձեռնությանը, այդ թվում նաև Հայաստանը։ Դա մի մեծ ծրագիր է, որի մեջ մտնող երկրները փոխադարձ առևտրի, տնտեսական և մշակութային համագործակցության միջոցով փորձում են ավելի համախմբվեն և նոր գլոբալ աշխարհում կառուցեն տնտեսական հարաբերություններ»։
Ֆուչժոու նավահանգստային քաղաքում, որտեղ տեղակայված է Ֆուծիան թանգարանը, օրեր առաջ հզոր պտտահողմ է տեղի ունեցել, ինչի պատճառով դադարեցվել են չվերթները։ Չինական կողմի ներկայացուցիչները չեն կարողացել ժամանել Հայաստան, ուստի գիտաժողովին մասնակցել են առցանց։
Երկրաբանական հարուստ հավաքածուով հայտնի այդ թանգարանի հետ համագործակցությունը կարևորում է Հայաստանի Երկրաբանական թանգարանի ղեկավարար Գայանե Գրիգորյանը։
«Ֆուծիանի թանգարանն ընդգրկում է 36 հազար մետր քառակուսի տարածք։ Թանգարանների համախումբ է, կա 2 բնագիտական թանգարան, կոչվում է դինոզավրերի թանգարան և բնության պատմության թանգարան»։
Չինական և հայական թանգարաններն առաջիկայում նախատեսում են կնքել համագործակցության հուշագիր։