Վիտամին A-ն, նիացինը (վիտամին B3) և վիտամին E-ն կարող են առաջացնել սրտխառնոց, ոսկրային ցավ և ներքին արյունահոսություն, ուստի դրանք   պետք չէ ընդունել առանց բժշկի խորհրդատվության: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Նիացինով (վիտամին B3 կամ նիկոտինաթթու) հավելումները հաճախ խորհուրդ են տրվում բարձր խոլեստերինի, արթրիտի դեպքերում և ուղեղի աշխատանքը բարելավելու համար: Սակայն բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս դեղամիջոցներն իրականում չեն ազդում սրտի հիվանդության, ինսուլտի կամ ճանաչողական խանգարումների առաջացման վտանգի վրա: Փոխարենը դրանք հաճախ առաջացնում են փորլուծություն և կարմրություն, իսկ գերդոզավորման ախտանիշներն են գլխապտույտը, սրտխառնոցը և հոգնածությունը: Վիտամին B3-ի մյուս ձևերը (օրինակ՝ նիկոտինամիդը) կապված են գլխուղեղի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի հետ:

Վիտամին A-ն նպաստում է աչքի և իմունային համակարգի առողջությանը: ԱՄՆ-ում առաջարկվող օրական չափաբաժինը կազմում է մոտ 900 միկրոգրամ տղամարդկանց համար և 700 միկրոգրամ կանանց համար: Օրական 3000 միկրոգրամից ավելին կարող է հանգեցնել թունավորման, իսկ Dailymail.com-ը պարզել է, որ որոշ սննդային հավելումների մեկ դեղահաբում պարունակում է մինչև 7500 միկրոգրամ: Գերդոզավորման  ախտանիշներն են ոսկրային ցավը, սրտխառնոցը, փսխումը, չոր մաշկը, մշուշված տեսողությունը և պայծառ լույսի նկատմամբ զգայունությունը: Երկարաժամկետ հեռանկարում վիտամին A-ի հավելումները մեծացնում են թոքերի քաղցկեղի վտանգը, հատկապես ծխողների մոտ:

Վիտամին E-ով հավելումները խորհուրդ են տրվում իմունիտետը պաշտպանելու համար: Մեծահասակ տղամարդկանց և կանանց համար առաջարկվող չափաբաժինը օրական 15 միլիգրամ է (մգ): 1000 մգ-ից ավելին հանգեցնում է մկանային թուլության, փորլուծության և սրտխառնոցի, ինչպես նաև ներքին արյունահոսության։ Հազվագյուտ դեպքերում են վիտամին E-ի հավելումները առաջացրել կյանքին սպառնացող արյունահոսություն, օրինակ՝ խորացրել են վնասվածքներից առաջացած արյունահոսությունը:

Մասնագետները խորհուրդ են տալիս զգուշորեն վերաբերվել  սննդային հավելումներին. դրանք հաճախ պարունակում են ավելի շատ ակտիվ նյութ, քան նշված է լինում: Բացի այդ, քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչպես են դրանք ազդում առողջության վրա՝ հետազոտությունների բացակայության պատճառով: Իսկ որոշ հավելումներ ազդում են դեղերի արդյունավետության վրա: Օրինակ, հիպերիկի   մզվածքը նվազեցնում է հակաբեղմնավորիչների արդյունավետությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն