Այսօր աշխարհում նշում են 8 միլիարդերորդ երեխայի ծնունդը։ Հայաստանում պայմանականորեն այդ երեխան համարվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ժամը 14։00-ին ծնված երեխան․ սա աշխարհի սովորությունն է, ամեն երկիր նման ընտրություն է կատարում։ 8 միլիարդերորդ ծնունդը նշելուն զուգահեռ աշխարհի ծանրաբեռնվածությունը «չափող» մարդիկ հետազոտություններ են կատարում ու ներկայացնում տվյալներով՝ ապագայում Երկիր մոլորակի ծանրաբեռնվածության ավելացման տեմպի մասին։ Ո՞րն է լինելու Երկրում բնակիչների առավելագույն քանակը, ե՞րբ է մեկնարկելու մարդկանց քանակի նվազմանը և ի՞նչ խնդիրներ է մարդը ստեղծում Երկրի համար։



Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ բնակիչը ծնվեց։ 7 միլիարդի շեմը հատել էինք 11 տարի առաջ, մոլորակը առաջիկա տարիներին ևս բնակիչների ակտիվ ավելացում է ակնկալում։ Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտությունների՝ 2050 թվականին մարդկությունը կնշի մոլորակի 9 միլիարդ 700 միլիոներորդ մարդու ծնունդը, իսկ 2080 թվականին մոլորակն ամենածանրաբեռնվածը կլինի․ այստեղ կապրի կանխատեսվող առավելագույն թվով՝ 10,4 միլարդ մարդ։ Այս թիվը կպահպանվի մինչև 2100 թվականը, իսկ դրանից հետո մարդկաց թիվը կսկսի նվազել։ Այս տվյալները ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանն է ներկայացնում․



«Երկիր մոլորակի բնակչության թվաքանակը շարունակաբար աճում է մահացության ցուցանիշների նվազման և կյանքի սպասվելիք միջին տևողության աճի հետևանքով։ Այսպես, օրինակ, եթե դեռ մոտ 20 տարի առաջ երկիր մոլորակի բնակչության սպասվելիք կյանքի տևողությունը 60–65 տարեկանն էր, ապա 2019-ին այն կազմում էր 72 տարեկան և ակնկալվում է, որ 2050-ին երկիր մոլորակի բնակիչների կյանքի սպասվելիք միջին տևողությունը կլինի 77 տարեկան»։

Այս դեպքում ինչո՞վ է պայմանավորված 2100-ից բնակչության նվազման կանխատեսումը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այս պահին աշխարհում ծնելիության գումարային գործակիցը 2,5 է, այսինքն՝ ծնելիության տարիքում գտնվող յուրաքանչյուր մարդ միջինում ունենում է 2,5 երեխա։ Սակայն ակնկալվում է, որ 2100-ին այդ գործակիցը կդառնա 2,1։ Հայաստանում այդ ցուցանիշն էլ ավելի ցածր է՝ 1,6, ինչի հետևանքով կանխատեսվում է, որ 2050-ին Հայաստանի բնակչությունը կնվազի։

«Հարևան երկրների շրջանում Հայաստանում, Վրաստանում ու Ռուսաստանում  բնակչության քանակը շարունակաբար նվազելու է մինչև 2050 թվականը։ Մնացած բոլոր երկրներում բնակչության թվաքանակն աճելու է։ Հայաստանի բնակչության թվաքանակի նվազումը պայմանավորված է ծնելիության գումարային գործակցի նվազմամբ, ինչպես նաև արտագաղթի տեմպերի փոփոխությամբ»։

Աննա Հովհաննիսյանն ասում է՝ դեմոգրաֆիկ աճին խթանող ոչ մի ծրագիր այս դեպքում արդյունավետ չի լինելու։ Կանխատեսումներն արված են երեք՝ լավատեսական, վատատեսական և հաստատուն սցենարներով և ցանկացած պարագայում Հայաստանում բնակչության նվազում է գրանցվելու, լավատեսական սցենարի դեպքում՝ մի փոքր ավելի քիչ չափաբաժնով։ Բնակչության թվաքանակն աճում է այն երկրում, որտեղ ծնելիության գումարային գործակիցը 2,1-ից ավելի է։ Վերարտադրողականության բարձր ցուցանիշ նկատվում է Աֆրիկայում, Ասիայի որոշ երկրներում, իսկ ամենացածր գործակիցը Հարավային Կորեայում է, որտեղ յուրաքանչյուր մարդու բաժին է ընկնում միջինում 0,9 երեխա։

«8 միլիարդից բարձրանալու ու 10,4 միլիարդի հասնելու մեր կանխատեսումները գրանցվելու են 8 երկրներում՝ Կոնգոյում, Եգիպտոսում, Եթովպիայում, Պակիստանում, Ֆիլիպիններում ու Տանզանիայում։ Դրանք այն 8 երկրներն են, որոնք, այսպես ասած, պատասխանատու են այդ աճի համար, որովհետև այնտեղ ծնելիության գումարային մակարդակը շատ ավելի բարձր է»։

Այժմ բնակչության թվաքականով և խիտ բնակեցվածության ցուցանիշներով առաջատարը Չինաստանն ու Հնդկաստանն են։ Եվ թեև ընդունված է համարել, որ չինացիներն ամենաշատն են երեխա ունենում, 2023-ին այս պատկերը կփոխվի, և Հնդկաստանի բնակչությունը կգերազանցի Չինաստանի բնակչությանը։

Սակայն մոլորակը մեզ «ծանր է տանում»։ Աննա Հովհանիսյանն ասում է՝ գերբնակեցումը խնդիրներ է առաջացնելու բոլոր տեսանկյուններից։

«Բնակչության թվաքանակի աճը բերում է տարբեր խնդիրների՝ առողջապահական, կրթական, կենսաթոշակային, սոցիալ-տնտեսական, ավելանում է ավելի շատ մարդ սպասարկելու, կերակրելու, կրթելու, բուժելու բեռը, և այս ցանկը կարելի է անվեջ շարունակել։ Պետք է հիշենք, որ Երկիր մոլորակի հնարավորություններն, ընդհանուր առմամբ, անսահամանփակ չեն, նույն հնարավորությունների պարագայում միևնույն վայրում սկսում են բնակվել շատ ավելի շատ մարդիկ»։

Այսօր բնակչությունն ավելանում է իներցիայի հաշվին։ Մասնագետը պատմում է «մնացորդային ծնելիության աճ» ֆենոմենի մասին։ Այսպես, եթե 30 տարի առաջ ծնելիության գումարային գործակիցը եղել է 3-ից բարձր, ապա այժմ երեխա ունենալու տարիքին են հասել առավելագույն թվով մարդիկ։ Սրանով է պայմանավորված ծնելիության ցածր գործակցի պայմաններում անգամ շարունակվող դեմոգրաֆիկ աճը։ Մոլորակի համար կարճ ժամանակ անց՝ մոտ 80 տարուց նոր, հերթական միլիարդերորդ երեխայի ծնունդն այլևս չեն նշի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն