Որակը բուհ տանողները․ Արցախի ու Հայաստանի բուհերի ներկայացուցիչները վերապատրաստվում են
Որակը բուհեր տանելու պատրաստակամությամբ մի շարք մասնագետներ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում մասնակցել են վերապատրաստման եռօրյա դասընթացների։ «Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմներ» ծրագրով հետաքրքրվել են մասնագետներ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից, ընդ որում՝ 11 մասնակցից 6-ը հենց Արցախից են եկել իրենց ուսումնական հաստատությունում կրթության որակը բարելավող նոր գործիքների տիրապետելու համար։
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Ճարտարապետության, քաղաքաշինության, էներգետիկայի և ջրային համակարգերի դեպարտամենտի ղեկավար Անժելա Բարսեղյանը 20 տարի դասախոսում է Շինարարության էկոնոմիկա առարկան։ «Ռադիոլուր»-ին պատմում է իր մոտեցման մեջ տեղի ունեցած փոփոխության մասին․
«Մինչև հիմա ես իհարկե հետևում էի, որ ուսանողը հասկանա, հետագայում կարողանա կիրառի և այլն, բայց մի նոր տերմին բացահայտեցի իմ համար․ անընդհատ կրկնվում էր «ուսանողակենտրոն» տերմինը, որն ինձ ավելի է ուղղորդում այն մտքով, որ ոչ միայն պետք է հետևեմ, որ ուսանողն ընկալի, կիրառի, այլ նաև պետք է հետևեմ, որ ինքը սիրի էդ առարկան։ Մենք կոնկրետ շինարարության տնտեսագետ չենք պատրաստում, չունենք այդ մասնագետը, բայց ստացվում է, որ շինարարների մեջ կարելի է նաև այդ մասնագետը ստեղծել՝ առանց ունենալու այդ ամբիոնը»,- պատմում է Անժելա Բարսեղյանը։
Նա իր փորձով գիտի՝ յուրաքանչյուր դասախոս լսարանում առաջին հերթին սեփական փորձի վրա հիմնվելով է ընտրում գիտելիք փոխանցելու տեխնիկան, սակայն դասընթացի ժամանակ քննարկվում են տարբերակների բազմազանություն, ինչը, Բարսեղյանի խոսքով թարմ գաղափարներ է փոխանցում․
«Մեկ ուրիշի տեսածը, լսածը, կարծիքը (ես ի նկատի ունեմ դասախոսների) քեզ տալիս է լրացուցիչ խթան, նոր մեխանիզմ, մեթոդ, որը դու կարող են կիրառել, որովհետև տարբեր բուհերում, մանավանդ, այսպես ասենք, տարբեր պետություններում (չնայած երկուսս էլ հայկական ենք, ունենք մեր առանձնակի մոտեցումները), մոտեցումները տարբեր են, ի մի ես բերում ու դառնում է, որ Ղարաբաղը՝ որպես փոքր պետություն, ձգտում է դեպի մեծ պետությունների ոճով դասավանդման պրոցեսը իրականացնել»։
Վերապատրաստումն անցնում են ոչ միայն դասախոսները։ Վիկտորիա Կոստանյանն, օրինակ, Ոստիկանության կրթահամալիրի Որակի ապահովման և գիտական աշխատանքների բաժնի ավագ գիտաշխատող է, երբեք դասավանդման փորձ չի ունեցել։ Սակայն, ասում է, իր գործը լավ անելու համար պետք է հստակ պատկերացնի դասավանդողի աշխատանքի սկզբունքները, որպեսզի ըստ դրա իրականացնի գնահատումը։
«Սովորում ենք, թե ինչպես դասավադողը պետք է ճիշտ պլանավորի իր աշխատանքը, քանի որ պլանավորումից մեծ բան է կապված։ Այս դեպքում մենք սովորեցինք, թե կոնկրետ դասը ինչ կառուցվածք պետք է ունենա, ինչպես ճիշտ կառուցել դասը, որ առավելագույն գիտելիք փոխանցենք ուսանողին, ծանոթացանք պլանի ճիշտ մշակման եղանակին»- ասում է Վիկտորիա Կոստանյանը։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոննից հայտնում են՝ բուհերի հավատարմագրման գործընթացում կարևոր բաղադրիչ է հենց կրթական ծրագիրը, փորձագետները սրան մեծ ուշադրություն են հատկացնում, հետևաբար, կենտրոնի շահակիցների հետ կապի պատասխանատու Արմենուհի Մհերյանի խոսքով, հավատարմագրվել պատրաստվող բուհերը այս ուղղությամբ աշխատելու տեղ ունեն․
«Մեր նպատակն է տարբեր բուհերի ներկայացուցիչների համար մասնագիտական կրթկանա ծրագրերի մշակման կառավարման խնդիրները դարձնել ավելի քննարկվող թեմաներ, որ բուհերի աշխատակիցները կարողանան շատ գործիքներ կիրառել կրթական ծրագրերի բարելավման տեսնակյունից»։
Մասնակիցներից ոմանք Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոն եկել էին նաև հավատարմագրման գործընթացին ներսից ծանոթանալու նպատակով։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ Անժելա Բարսեղյանը չի թաքցնում՝ ամբողջ աշխատակազմով լարել են ուժերը հավատարմագրման գործընթացն անցնելու համար․
«Ակնկալիքս այն էր, որ ես հիմա կգամ էստեղ ու էդ հավատարմագրման պրոցեսսի մասին ինչ–որ նրբություններ կիմանամ, որ կկարողանամ օգտագործել, որ այդ պրոցեսսը ավելի հեշտ անցնենք։ Դե, պարզ է, ես այստեղ տեսա, որ մեզ ոչ մի բան էդ ուղղությաբ չեն սովորեցնում (ժպտում է)։ Մեզ տալիս են ընդհանրական պատկերացումներ, բայց այնպես չի, որ հիասթափված եմ։ Գիտե՞ք՝ երբ քեզ ասում են, որ պետք է պիռոգ թխես, քեզ կարող է չասեն, որ 5 ձու լինի, էսքան ալյուր, բայց քեզ ասում են, որ էնտեղ ձու կա, այլուր և այլն։ Կարևորը որ ես հասկացա՝ էդ պիրոգը ոնց պիտի թխեմ, ինտիգրենտները ես կգտնեմ, սա շատ կարևոր է ինձ համար»։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնից «Ռադիոլուր»-ին հայտնում են՝ նման ծրագրերը շարունակական բնույթ ունեն, վերապատրաստումներ իրականացվել են և իրականացվելու են կրթական ոլորտի բարձրացմանն ուղղված տարբեր ասպեկտներով։