Հայ պատանիներն առաջին անգամ կմասնակցեն միջազգային «Rise» ծրագրին, իսկ ամենահաջողակները, հաղթելու դեպքում, ամբողջ կյանքի ընթացքում կօգտվեն աննախադեպ առավելություններից։ Մեկ միլիարդ դոլար ֆինանսական պարտավորությամբ ծրագիրը նպատակ ունի  գտնել և աջակցել աշխարհի ավել քան 170 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից 15-ից 17 տարեկան տաղանդավոր պատանիների: «Rise»-ի հայաստանյան պաշտոնական գործընկեր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների ազգային կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանն ասում է՝ «Թումո»–ն պարզապես համագործակցության կամուրջ է, ծրագրին կարող են մասնակցել բոլորը։

««Rise»–ը նախաձեռնություն է, որը աջակցում ու ֆինանսական օգնություն է տալիս երիտասարդներին ամբողջ կյանքի ընթացքում։ Ամեն տարի ընտրում են ամբողջ աշխարհից շուրջ 100 մասնակից, որոնք արժանանում են կրթաթոշակների այլ ֆինանսական աջակցությունների, օրինակ ստարտափ սկսելու համար, հնարավորություն են ստանում մասնակցելու տարբեր միջազգային կոնֆերանսների։ Եթե ծրագիրը ընտրում է պատանուն, նրան օգնում է ընդմիշտ»,– ասում է Բեկոր Փափազյանը։



Ամերիկյան «Rise» ծրագրի համահիմնադիրը «Google»-ի նախկին գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտն է, նպատակը՝ ամբողջ աշխարհի պատանիներին ու երիտասարդներին օգնել կյանքի կոչել իրենց  նպատակները։ Ծրագրում ընդգրկվելու համար դիմորդները պետք է դիմում լրացնեն և նախագիծ առաջարկեն, որն ուղղված է լուծելու հանրության ամենահրատապ խնդիրները, մարդկության առջև ծագած մարտահրավերները։ Հայաստանում «Rise» ծրագրի համակարգող Լուսինե Քյուրքչյանը մանրամասնում է՝  հայտերը կարելի է լրացնել Թումոյի պաշտոնական կայքի «Rise» բաժնում, վերջնաժամկետը հունվարի 25-ն է։



«Մասնակիցները իրենց ծրագիրը ներկայացնում են անգլերենով, այսինքն անհրաժեշտ է ունենալ անգլերենի իմացության բարձր մակարդակ, ցանկալի է դիմել նաև վիդեոֆորմատով, ներկայացնել ծրագրի մտահաղացման ընթացքը, ծրագիրը իրենից ինչ է ներկայացնում, ինչպես է իրականացվելու և այլն։ Բացի այդ մասնակիցները նաև պատմում են իրենց մասին»։

Հայտերի ընդունումից հետո, դրանք նախնական ընտրություն են անցնում, ուսումնասիրվում միջազգային ժուրիի անդամների կողմից,  որից հետո ընտրվում են դրանցից 500 լավագույնները։ Արդեն ընտրված մասնակիցները լրացուցիչ հարցազրույցների, վերապատրաստումների փուլ են անցնում։ Ի վերջո՝ ծրագրի եզրափակչում հայտնվում են լավագույն 100 դիմորդները։



«Հաղթողները իրենց հաղթանակի առավելություններից օգտվում են ամբողջ կյանքի ընթացքում։ Մասնակիցները ամբողջ կյանքում կարող են ըստ անհրաժեշտության կրթաթոշակներ ստանալ աշխարհահրչակ խոշորագույն համալսարաններում սովորելու համար։ Ինչպես նաև հնարավորություն կստանան մասնակցելու ամենամյա համաշխարհային գագաթնաժողովների, օնլայն տարբեր դասընթացների․ այլ կերպ ասած՝ կարիերայի աջակցություն՝ ամբողջ կյանքի համար»,– ասում է Լուսինե Քյուրքչյանը։

Ամեն տարի ծրագիրը հայտեր է ստանում աշխարհի ավելի քան 170 երկրից։ Լուսինե Քյուրքչյանն ասում է՝ ինչպես մասնակիցների, այնպես էլ ընտրված ու հաղթող ծրագրերի բնույթը, ոլորտն ու աշխարհագրությունն էլ բազմաշերտ է։ Արդյունքում՝ յուրաքանչյուր մասնակից ամբողջ կյանքի ընթացքում մի քանի հարյուր հազար դոլարի ներդրում է ստանում։

«Եթե չեմ սխալվում Մեքսիկայից մի աղջիկ մի ծրագիր է մշակել, որը օգնում է մեքսիկացի գյուղաբնակ տարեցներին իրենց այգու բերքը հավաքել։ Մի բրազիլացի աղջիկ մի բջջային հավելված է ստեղծում, որը արհեստական բանականության ու հոգեբանության միջոցով բարձրացնում է մարդկանց ինքնագնահատականը»։

Ծրագրից ֆինանսավորում ստացած երիտասարդների մեջ մինչ այսօր հայաստանցիներ չեն եղել։ «Rise»-ը դիմել է «Թումո»–ին, որ հայ երիտասարդները  նույնպես հնարավորություն ունենան ծրագրին մասնակցելու։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն