Պետական եկամուտների կոմիտեն 2023-ը ստվերի դեմ պայքարի տարի է որակում։ Ստացված արդյունքներից գոհ են՝ ավելի շատ հարկ է հավաքվել, ավելի շատ տնտեսվարողներ են դուրս եկել ստվերից, ավելի շատ քաղաքացիների համար է հարկ վճարելը հարմար ու շահավետ դարձել։ Սրանք ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի որակումներն են՝ ներկայացված տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում։

2023-ին 2022-ից 296 միլիարդ դրամ ավելի հարկ է հավաքվել՝ 2023-ն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Տարվա ընթացքում հարկային հոսքերը կազմել են 2 տրիլիոն 221 միլիարդ դրամ։ Տնտեսությունը ստվերազերծվո՞ւմ է, բարելավում է վարչարարությո՞ւնը, թե՞ պարզապես ավելի շատ արժեք է ստեղծվում՝ հարցը հստակ պատասխան չունի, բայց փետրվարին ամեն բան ավելի պարզ կլինի։

«Այդ հարցին պատասխանելու համար մենք պետք է սպասենք փետրվարին, ամփոփենք ՀՆԱ–ի ցուցանիշները և համադրենք, թե որքան է աճել անվանական ՀՆԱ-ն, որքան են աճել հարկերը։ Եթե արձանագրենք, որ հարկերն ավելի արագ տեմպով են աճել, ուրեմն եղել է կարգապահության բարելավում։ Մեր կանխատեսմամբ՝ շուրջ 0.5 տոկոսային կետ, որը բավական բարձր ցուցանիշ է, վարչարարության բարելավում ունենք»։

Տարվա ընթացքում 1186 համալիր հարկային ստուգում է իրականացվել։ Արդյունքում վերականգնվել է 38.4 միլիարդ դրամ։ Արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտմաբ ավելի քան 7300 դեպք, որոնք ընդհանուր 2.5 միլիարդ դրամ են արժեցել իրավախախտների համար։ ՊԵԿ նախագահն ասում է՝ ստվերային շրջանառությունն էլ աստիճանաբար զիջում է իր դիրքերը։

«Մեկ դեպքով, երբ մենք սերվերային տնտեսություն ենք հայտնաբերել, այդտեղ արդեն վեր է հանվել 75 միլիարդի ստվերային շրջանառություն՝ մոտ 100 տնտեսվարող սուբյետի։ Հաշվարկված հարկի մասով ունենք 8.6 միլիարդի վերականգնում միայն նախորդ տարվա ընթացքում»։

Այս տարվանից ՊԵԿ-ի ուշադրության տակ նաև բնակարանների վարձակալության ստվերային բիզնեսն է։ «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան Ռուստամ Բադասյանը նշել է՝ 2023-ի դեկետմբերից մինչ այժմ 5000 քաղաքացի արդեն ՊԵԿ-ին պատմել է բնակարանը վարձակալության տալու մասին։ Մինչև փետրվար կհավաքեն տվյալները, իսկ հետո կսկսեն ստուգումները․

«Մինչև փետրվարի մեկը հավաքելու ենք բոլոր հայտարարությունները։ Ունենք տեղեկություններ, որոնք ստանում ենք պետական այլ մարմիններից, ունենք մեր սեփական տեղեկությունը, թե որտեղ եւ ինչ տարածք է վարձով տրվում: Փետրվարից փուլ-փուլ կսկսենք վարչարարությունը` կենտրոնանալով նորակառույց շենքերում տրվող բնակարանների վարձակալության վրա»։

Այս փուլում պարտադիր չէ ներկայացնել վարձակալության պայմանագիր։ Բավարար կլինի նաև ՊԵԿ-ին այս գործունեության մասին տեղյակ պահելը՝ հետագայում հարկերը պատշաճ վճարելու պայմանով․

«Եթե ինչ-ինչ պատճառներով չեն կարող վարձակալության պայմանագիր կնքել, կարող են կոմիտեին ներկայացնել հայտարարություն, որ ունեն փաստացի վարձակալական հարաբերություններ և հաջորդ տարի ներկայացնեն տարեկան եկամուտների հայտարարագիրն ու վճարեն հարկերը»։

Առաջիկայում ուշադրության կենտրոնում է լինելու նաև ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Վստահեցնում են՝ մարտին արդեն պատրաստ կլինի էլեկտրոնային այն հարթակը, որտեղ կլրացվեն հայտարարագրերը։  Պետական, համայնքային ծառայողները, 1 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցող բաժնետերերը մայիսից կկարողանան ներկայացնել հայտարարագրերը։

2024-ի փոփոխություններից կլինի նաև մաքսային մարմին -տնտեսվարող սուբյեկտ շփումը նվազագույնի հասցնելը․ հնարավոր կլինի մաքսազերծման ամբողջ պրոցեսը և հաղորդակցությունը կազմակերպել բացառապես էլեկտրոնային եղանակով։

Ստվերի դեմ պայքարի տարի որակվող 2023-ին այժմ բարձրաձայնվող արդյունքին հասնելու համար ՊԵԿ–ում մոտեցումներ են փոխվել, օրենքներ ու կադրեր։ Ռուստամ Բադասյանը վերջին գործոնը որպես առավելություն ներկայացնելուց հետո ուղղում է իրեն․ սա լավ չէ, նորմալ է՝ ասում է։

«Նոր համակարգ եկած մարդկանցից որևէ մեկը որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ չի հայտնվել և էս մասով հարուցված քրեական վարույթներ չկան։ Այս առումով կարող ենք գնահատել, որ գուցե դրական է, չնայած դա նորմալ իրավիճակն է, ոչ թե լավ իրավիճակ է, այլ բնական իրավիճակ է, որը պետք է լինի։ Կարծում եմ՝ այս ամենը նաև որոշակի դրական ազդեցություն է ունենում հավաքագրվող հարկերի վրա»։

Մարդկային բանականությունից բացի արժանին է մատուցվում նաև արհեստական բանականությանը։ ՊԵԿ-ն առաջին անգամ ստուգումների տարեկան ծրագրի 10 տոկոսը կազմել է՝ արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքները կիրառելով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն