Մշակութային պատերազմ․ Ադրբեջանի պայքարը հայկական ինքնության դեմ
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու կամ դրանք հանդուրժելու համար։ Ադրբեջանի գործողությունները նոր չեն։ Նոր չէ և այն, որ մշակութային ցեղասպանություն կոչվածը տեղի է ունենում քաղաքակիրթ աշխարհի առաջ և գուցե՝ լուռ համաձայնությամբ։ Ի՞նչ է ենթադրում Նահանգների այս քայլը, ինչ պատճառներ ունի ու ինչ զարգացումներ ակնկալել։
Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքը վերացնելու քաղաքականությունը նոր չէ , և պատահական չէ, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու կամ դրանք հանդուրժելու համար Միացյալ Նահանգների կողմից Կրոնական ազատության դիտարկման ցանկում ներառվելու որոշման առիթով էլ ադրբեջանական քարոզչամեքենան աղմուկ է բարձրացրել։
Ավելի վաղ՝ նոյեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացել էր Շուշիի պատմական ժառանգությանը նվիրված գիտաժողով, որին մասնակցել է նաև Արցախի ներկայացուցիչը։ Դեկտեմբերին էլ Փարիզի նշանավոր Բաստիլի հրապարակում, Փարիզի քաղաքապետարանի և «L’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպության համատեղ ուժերով կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդես՝ հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող 30 բացառիկ լուսանկարներով։ Ցուցադրությունը գործելու է մինչև հունվարի 15-ը։ Արցախի Հուշարձանների պահպանության վարչության նախկին պետ Արմինե Հայրապետյանը ողջունելի է համարում այս քայլերը։
«ԱՄՆ այս քայլը հաջորդել է Նահանգների միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի ամենամյա զեկույցին, որտեղ ահազանգ կա, որ Բաքուն պետական մակարդակով է խոսում Արցախում պատմական հուշարձաններից հայկական հետքը վերացնելու մասին»։
Հայկական մշակությանին ժառանգությունը ռիսկային գոտում հայտնվել է դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով, որից հետո հսկայական թվով հուշարձաններ մնացին ադրբեջանական վերահակսողության տակ։ Այդ ռիսկերն անկառավարելի դարձան 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայից և Արցախի գրեթե ամբողջ հայ բնակչության՝ ստիպված իրենց տներից ու հողից տեղահանվելուց հետո։
«Էթնիկ զտումներից հետո Ադրբեջանի քաղաքական վերնախավը պատերազմ է սկսել հայկական ինքնության ներկայության դեմ։ Հիմա ամբողջ Արցախն է օկուպացված ադրբեջանական ագրեսիայի արդյունքում և մի ժողովրդի հսկայական պատմական ժառանգությւոնհայտնվել է ոչնչացման եզրին»։
Թեև արցախահայության վերջին տարիների փորձը ստիպում է թերահավատ լինել միջազգային հանրության՝ խոսքից գործի անցնելու քաղաքականության հանդեպ, և այդ առումով Նահանգների՝ այս քայլով Ադրբեջանին ինչ-որ ձևով ճնշելու նպատակների հեռանկարն էլ շատ աղոտ է ուրվագծվում, բայց ամեն դեպքում աշխատել այդ ուղղությամբ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ այլ պետությունների հետ, պետք է։
«Հերթական քայլը, որը թվում է, թե պետք է զսպի Ադրբեջանի նման գործողությունները, բայց, ցավոք, ունենք նախադեպեր, երբ միջազգային որոշումները արհամարհվել են, և Ադրբեջանը շարունակել է անպատիժ գործել»։
2020 թվականից հետո տարբեր նախաձեռնություններ փորձում են նվազագույնի հասցնել Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման ռիսկերը։ Դրանցի մեկը «Monument watch» հարթակը, որը արդյունավետ գործունեություն է ծավալում՝ մասնագիտական-ակադեմիական նյութեր տրամադրելով հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ։ Ծրագրի գիտական ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանը հայկական ու միջազգային մշակութապահպան կազմակերպությունների կողմից աշխատանքը բավականին լուրջ է գնահատում՝ միաժամանակ նշելով, որ աշխատելու տեղ հայկական կողմը ունի դեռ։
«Մշակութային ժառանգությունը կարծես մի տեսակ կոնֆլիկտի հիմքերից մեկն է, և բնական է, որ Ադրբեջանն այդ տեսակետից լուրջ խնդիր ունի իր հաղթանակը պատերազմում ամրագրելու համար և շարունակում է պետական մակարդակով հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականությունը։ Սա նաև մի տեսակ փորձարարական քաղաքականություն է տեսնելու, թե ինչ արձագանք կունենա։ Այնպես որ, ջանքերը պետք է բազմապատկել»։
Մշակութային ժառանգության շուրջ պայքարը շատ նման է երկու պետությունների, ժողովուրդների, հասարակությունների միջև մղվող պայքարին առհասարակ՝ ասում է Համլետ Պետրոսյանը, և մշակութային պատերազմը այդ ընդհանուրի մի բաղադրիչն է։
«Եթե Ադրբեջանը տոտալիտար, ամբողջ ռեսուրսներով է կռվում նաև այս պատերազմում, ապա հայկական կողմի քայլերն ավելի պասիվ են, և շատ նման է այս պայքարը երկու պետությունների ընդհանուր պայքարին։ Պատճառների մասին չեմ կարող ասել, թե ինչու է այդպես»։
Աշխարհի հետ պետք է խոսել իրեն հասկանալի լեզվով՝ ասում էԱրմինե Հայրապետյանը, և այն, որ ստեղծվել է այսպիսի իրավիճակ, որ Ադրբեջանն իրեն անպատժելի է զգում, նախևառաջ հայկական կողմի բացթողումն է։
«Պետք է աշխարհին ցույց տանք, որ Արցախում հայությունը ոչ թե էթնիկ փոքրամասնություն է, որի դեմ Ադրբեջանը գործում է, այլ այդ տարածքում ապրող մի ամբողջ էթնիկ ժողովուրդ, որի ժառանգությունն է ոչնչացվում։ “
Տեղեկատվական այս պատերազմում պետք է կարողանալ ճիշտ խոսել աշխարհի հետ՝ համոզված է զրուցակիցս․ տեխնոլոգիական ժամանակներում Ադրբեջանի գործողություններն ապացուցելը դժվար չէ։ Հասկանալի է, որ խնդիրը նախևառաջ քաղաքական դաշտում է, բայց արդյունք գրանցել կարելի է միայն բավարար աշխատելու դեպքում։