Ո՞վ կորոշի՝ ով է ժողովրդական ու վաստակավոր. «սև ամպեր» կոչումների գլխին
Բոլոր պատվավորները կշարունակեն մնալ այդպիսին, բայց նոր մարդիկ այդ կոչումն էլ չեն ստանա։ Ազգային ժողովը քննարկում է, որ պետությունն էլ չպիտի որոշի՝ ով է վաստակավոր, ով՝ ժողովրդական և ում կարելի է կոչել պատվավոր։ Խորհրդարանը առնվազն փորձում է այս նախագիծն օրենք դարձնել՝ արդեն իսկ առաջին ընթերցմամբ այն քննարկելով։
Այժմ Հայաստանում վասակավոր լինում են գիտության, արվեստի, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի գործիչները, տնտեսության աշխատողը, մարզիչը, ճարտարապետը, շինարարը, բժիշկը, իրավաբանը, արտիստը, նկարիչը, մանկավարժը, լրագրողը, իսկ «ժողովրդական» կոչման արժանանում են նկարիչներն ու արտիստները․ վերջին հինգ տարում 1181 մարդու տրված ընդահնուր 17 կոչում։
«Պատվավոր»-ներին մերժած միջազգային երկրների օրինակով գնալ է առաջարկում արդարադաության փոխնախարար Արմենուհի Հովհաննիսյանը։
«Այս պատվավոր կորչումների շնորհումը բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքային առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա։ Այս տիտղոսները վարկանշային անձեռնմխելիության դեր են կատարում և կանխում են կառույցի ղեկավարի անկաշկանդ կադրային քաղաքականությունը, ստեղծագործական սերնդափոխություն իրականանցնելու հնարավորությունները»։
Արմենուհի Հովհաննիսյանն ասում է՝ նրանց, միևնույն է, հիմնականում չեն ճանաչում․ մարդիկ «ժողովրդական» կոչում ունենում են, ժողովրդի սերն ու ճանաչումը՝ ոչ։
Խորհրդարանը խորհրդային տարիներից մնացած ավանդույթից հեշտ հրաժարվել չի պատրաստվում․ այս մասին են նախագծին թերահավատորեն նայող պատգամավորների ելույթները, որոնք լավ չեն պատկերացնում՝ ինչ խնդիր կարող է լուծել օրենքի ընդունումը։ Գեղամ նազարյան․
«Որ ասում եք՝ ժողովրդական արտիստներին չեն ճանաչում ուրիշներին են ճանաչում, դա լավ չի։ Օրինակ՝ վերջերս հարցում էին արել, Առնո Բաբաջանյանին երիտասարդներից ճանաչել էր 14 տոկոսը, իսկ ինչ-որ երգիչ կար՝ Արտաշ Ասատրյան, ճանաչեց 89 տոկոսը, հիմա դա չափանի՞շ է, որ Արտաշ Ասատրյանն ավելի մեծ ավանդ ունի, քան Առնո Բաբաջանյանը, իհարկե ոչ։ Բա պետության դերն էլ ինչումն է՞, որ խրախուսի իրոք արվեստ ստեղծող, արժեք ստեղծող մարդկանց»։
Իշխանությունն ասում է՝ որոշողը մենք չենք։ Ալեն Սիմոնյան․
«Հարցը հետևյալն է՝ պետությո՞ւնը պետք է որոշի՝ ով է լավը, ով է վատը, թե՞ հանրությունը։ Մենք կարծում ենք՝ հանրությունը»։
Առաջարկվում է կազմակեպել մրցանակաբաշխություններ, կազմել վարկանշային համակարգ և թույլ տալ ոլորտի ներկայացուցիչներին սեփական չափորոշիչներով ընտրել լավագույնին։ Սա, ի դեպ, միայն առաջարկ է, ոչ թե պետության պարտավորություն՝ ասում է արդարադատության փոխնախարարը։ Սերգեյ Բագրատյանն նոր Օսկարի բացակայության դեպքում հին կարգի մերժումը արդարացված չի համարում․
«Անհրաժեշտ է, որ պետությունը դերակատարում ունենա, մոտիվացնի մեր արվեստագետներին։ Այս իմաստով կցանկանայի, որ հստակ հայեցակարգ ունենայինք ու ցանկացած դեպքում, երբ մերժում ենք ինչ-որ բան, առաջարկեինք ինչ-որ բան»։
Խորհրդարանի թեժ քննարկմանը միանում է պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ պնդելով, տեղի ունեցողը ավանդույթները մերժելու հերթական դրսևորումն է․
-Ես այս իրականության մեջ անհատի հեղինակությունը և ազգային էլիտաները ձեզ պետք չեն, չի կարելի ամեն ինչ տանել նյութականի դաշտ, պարգևավճար-պարգևավճար։ Մենք գործ ունենք հերթական անգամ եղած ավանդույթն ու ժառանգությունը մերժելու և ամեն ինչ քանդիչ, 0 կետից սկսելու վարքագծի հետ։
— օֆ աման։
Իսկ այս ծանր հոգոցը Ալեն Սիմոնյանինն էր․ ԱԺ նախագահը արտահերթ ելույթ է ունենում․
«Այս անունները, որ տալիս եք, հլը տեսեք դրանց տակ․․․ լեզվիս վրա է, չասեմ անունները․․․ ում են ժողովրդականի ու վաստակավորի կոչում տվել։ Էլիտան էդ չի, գիտությունների թեկնածոընեորը էդ չեն, որ գնում էին, պետությանը կամ իշխանությանը ծառայություն էին մատուցում, բայց էստեղ երկու բառ ելույթ չեն կարողանում ունենալ»։
Այժմ պատվավոր կոչումներ ունեցողները շարունակելու են կրել այդ կոչումները՝ միաժամանակ օգտվելով դրանց տված արտոնություններից։ Փոփոխությունը շարքի համալրումն է բացառում՝ բացատրում են նախագիծը ներկայացնողները։ Վերջնական համաձայնում, այնուամենայնիվ, տեղի չի ունենում։ Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը ավանդույթները, իշխանությանը՝ ընդդիմությանը՝ առաջընթացի հնարավորությունը ոչնչացնելու մեջ։