Երևանի տնկարանային տնտեսությունը կընդլայնվի և կարդիականացվի: Ցանկապատի անցկացման աշխատանքը գրեթե 70 տոկոսով կատարված է, արդեն ավարտված են ջրամբարի կառուցման աշխատանքները: Տնկարանային տնտեսության տարածքում ավարտված են նաև հողի գրունտի փխրեցման աշխատանքները, և այժմ մեկնարկում են պոմպակայանի պոմպերի ու ֆիլտրացիոն համակարգերի տեղադրման աշխատանքները: Բոլոր պոմպերը և անհրաժեշտ տեխնիկական միջոցները ձեռք են բերվել, առաջիկայում կկատարվեն նաև կաթիլային համակարգի ներդրման աշխատանքներ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Տնկիների տեղադրումը կմենարկի ապրիլի վերջին, մայիսի սկիզբին: Այժմ գնումների հայտարարման փուլն է: Ըստ Բեգոյանի՝ 20-30 հազար վայրագ տեսակի ու շուրջ 10 հազար արդեն պատվաստված տեսակի փոքր տնկիներ են ձեռք բերվելու և տնկվելու: Տնկվող ծառատեսակները 7-ն են, դրանց թվում են կաղնի, սոսի, թխկի:

«Երևան քաղաքին շատ-շատ ծառատեսակներ են անհրաժեշտ լինելու, որովհետև, ինչպես նշել եմ, Երևան քաղաքի կանաչ ֆոնդի գրեթե կեսը կորցրել կամ կորցնում է իր կենսունակությունը: Անհրաժեշտ կլինի առաջիկա 10 տարիների ընթացքում անընդհատ փոփոխման աշխատանքներ կատարել, այդ իսկ պատճառով մենք նախատեսում ենք ջերմոցում ունենալ այնպիսի հզորություններ, որ տարեկան կարողանանք արտադրել շուրջ 5000 հասուն ծառ»,- ասաց Արմեն Բեգոյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ միջինացված քանի տարի է տևելու տնկին աճեցնելու շրջանը, ըստ Բեգոյանի՝ շատ փոքր տնկիներն անտառտնկարկներ տեղափոխելու համար անհրաժեշտ կլինի մոտավորապես 2 տարի, իսկ քաղաքային տնկարկներ՝ մոտավորապես 5 տարի: Ուսումնասիրվել են Իտալիայի գները, փոքր տնկիները տատանվում են 1-2 եվրոյի շջանում, իսկ պատրաստի ծառերը արժենալու են 10-ից մինչև 30 եվրո:

«Եթե այժմ ձեռք բերվող ծառերը վերածենք եվրոյի, մոտավորապես տատանվում են 150-200 եվրոյի սահմաններում: 10-30 եվրոյի սահմաններում ձեռք բերելու և 2-3 տարի աճեցնելու պայմաններում, կարծում ենք, որ այդ ծառերը կիսով չափ ավելի էժան կնստեն Երևան քաղաքի վրա»,- ասաց Բեգոյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն