Հանրային հեռուստաընկերությունը համապետական ծածկույթ կունենա սեփական միջոցների հաշվին
Քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող տեսալսողական հաղորդումներն ու ֆիլմերը կսահմանափակվեն։ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է նախագիծը, որով առաջարկվում է քրեական ենթամշակույթ քարոզող, բռնության տեսարաններով ֆիլմերը ևս հեռարձակել ժամը 24-ից մինչև առավոտյան 6-ը: Առաջինից երկրորդ ընթերցում հաշվի են առնվել նաև մեդիագործընկերների ներկայացրած հիմնավորումներն ու առկա չափորոշիչները: Հանձնաժողովում քննարկվել է նաև «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» համապետական սփռում ունեցող երկու հեռուստաալիք ունենալու նախագիծը։ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից հեռարձակվող «Առաջինի լրատվական ալիք» տեսալսողական ծրագիրը հասանելի լինի ՀՀ ողջ տարածքում։ Հանրային հեռուստաընկերության բյուջեն պետական բյուջեից է, ուստի ըստ հանձնաժողովի նախագահի, նպատակահարմար չէ, որ այդ գումարն ուղղվի միայն երևանյան հեռուստադիտողին:
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը կունենա համապետական սփռում ունեցող երկու հեռուստաալիք։ «Առաջինի լրատվական ալիքն» այժմ միայն մայրաքաղաքային սփռում ունի, մինչդեռ հեռուստաընկերության ֆինանսական հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է, ուստի նպատակահարմար է, որպեսզի ծրագիրը հասանելի լինի ՀՀ ողջ տարածքում: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի՝ ավելի արդար կլինի, որ մարզերի բնակիչներն էլ դիտեն իրենց կողմից ֆինանսավորվող հեռուստաընկերության այդ ծրագիրը:
«Հանրային մուլտիպլեքսն ինքնակամ հրաժարվում է երևանյան ծածկույթով կապուղուց, որը ավտոմատ կդառնա համապետական ծածկույթով կապուղի»։
ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նկատեց, որ ըստ Ֆիննախի եզրակացության, դա հավելյալ 64 մլն դրամի ծախս է առաջացնելու, ինչը 2024-ի բյուջեի նախագծով նախատեսված չի եղել, ուստի հետաքրքրվեց, թե արդյոք քննարկե՞լ են՝ ինչպես են փակելու ծախսը:
Սիսակ Գաբրիելյանը հաստատեց, որ առաջարկություն է եղել, որ ծախսը կարող են լրացնել հեռուստաընկերության սեփական միջոցներից, բյուջեի վրա հավելյալ ծախս չի լինի: Ըստ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի՝ հանրապետական սփռման դեպքում ամսական 1.5 մլն-ի փոխարեն Հանրայինը պետք է ամսական 6 մլն դրամ վճարի Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցին, ինչը տարեկան շուրջ 65 մլն է դրամ է կազմում։
«Եթե բյուջեում փոփոխություններ չլինեն, առնվազն մինչև 2026 թվականը Հանրային հեռուստաընկերությունը սեփական միջոցների վերաբաշխման արդյունքում կամ գովազդային հավելյան գումարների միջոցով պետք է կատարի իր ֆինանսական պարտականությունները, եթե ցանկանում է սփռվել համապետական ծածկույթով»։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում նաև առաջարվում է
սահմանափակել հեռուստաալիքներով քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի և սերիալների ցուցադրումը։ Նախագծի հեղինակները՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան վստահ են, որ քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող տեսալսողական հաղորդումներն ու ֆիլմերը, որտեղ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների կերպարները հերոսացվում են, ազդում են անչափահասների վրա։ Ըստ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ առաջինից երկրորդ ընթերցում հաշվի են առնվել նաև մեդիագործընկերների ներկայացրած հիմնավորումներն ու առկա չափորոշիչները:
«Հաշվի առնելով, որ 2020 թվականին ՀՀ–ը քրեականացրել է քրեական ենթամշակույթը սահմանելով դրա ամբողջ նկարագիրը և մենք կարծում ենք, որ քրեական օրենսգրքում առկա գործողությունները քարոզելը հանրային մուլտիպլեքսում ցերեկային ժամերին ճիշտ չէ և բացասական ազդեցություն է ունենում հասարակական հարաբերությունների վրա»։
Նախագծով առաջարկվում է էրոտիկ բնույթի և սարսափ ժանրի ֆիլմերի պես քրեական ենթամշակույթ քարոզող, բռնության տեսարաններով ֆիլմերը ևս հեռարձակել ժամը 24-ից մինչև առավոտյան 6-ը:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ նախորդ տարիներին մի քանի դեպք է եղել, երբ հանրությունը սուր է արձագանքել սերիալներում բռնության տեսարանների հետ կապված, բայց որևէ վարույթ չի հարուցվել, ուստի հորդորեց հետևողական լինել, որպեսզի կարգավորումը ինքնանպատակ չդառնա։ Բացի այդ՝ ներկաները նկատեցին, որ արդի տեխնոլոգիական զարգացման ժամանակաշրջանում, երբ համացանցը և կաբելային հեռուստատեսությունը լայն հասանելիություն են ապահովում, հատվածական լուծումները կարող են այդքան էլ արդյունավետ չլինել:
Ըստ Մխիթար Հայրապետյանի՝ այս սահմանափակումները կբերեն նրան, որ որևէ մեկը չի ցանկանա այլևս հայտ ներկայացնել հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու, կոմֆորտ կտեղավորվեն կաբելայինի մեջ կամ համացանցում ու միլիոնավոր դիտումներ կապահովեն: Ուստի խորհրդարանին հորդորեց ժամանակն ու էներգիան նմանատիպ նախագծերի վրա ներդնելու փոխարեն, խնդիրը համակարգային լուծելու վրա աշխատել: